Շուշին պաշտպանելը ոչ թե Ծառուկյանի գործն էր, այլ վարչապետինը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, դատարանի բակում հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ջոկատը չի գնացել Շուշի։
«Շուշին նվաճվեց Ադրբեջանի դրոշի օրը, անպատվաբեր մի օր է մեր պատմության համար, խարան բոլորիս ճակատին, բայց Շուշիի պաշտպանությունը Գագիկ Ծառուկյանինը չէր, որովհետեւ նա չէր վարչապետը, նա չէր ԶՈՒ-երի ղեկավարը, հետեւաբար մեղքը բարդում են ուրիշներին, միայն թե ոչ իրենց։ Այս ամենի մեղավորը մեկ մարդ է, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ պետությունը ճգնաժամային, պատերազմական իրավիճակում չէր կարող կառավարել մի անձ, որը դասալիք է, որը մի օր անգամ բանակում չի անցկացրել։
«Նա որեւէ պատկերացում չունի ոչ միայն պետության կառավարման, այլեւ բանակի կառավարման մասին, բայց մեծամտորեն ստանձնեց այդ պատասխանատվությունը եւ ստեղծված կեղծիքի արդյունաբերական համակարգի միջոցով մեր բնակչությանը մոլորեցրեց։ Այդ պրոպագանդիստական համակարգի միջոցով կեղծ, աղճատված տեղեկություն էր տարածում եւ ստեղծում իրավիճակ, երբ ՀՀ բնակչության մեծամասնությունը կարծում էր, որ մենք հաղթում ենք այս պատերազմում։ Մի՞թե այսպես են կառավարում պատերազմական պետությունը»,- նշեց նա։











