«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի կարծիքով կապիտուլյացիայի համաձայնագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ պատերազմում բեկումը մոտ էր:

«Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին, այն առնվազն տաօրինակ էր: Այո, առաջին օրերից ակնհայտ էր, որ տեխնիկապես շատ ավելի հագեցած է հակառակորդը, առաջին օրերից ակնհայտ էր, որ մեր պատերազմը ոչ թե Ադրբեջանի հետ էր, այլ ըստ էության ՆԱՏՕ-ի դեմ է: Սակայն պետք է ասել, որ մեր զինվորները հետեւակային մարտերում պարտություն չեն կրել: Ես էդպիսի մեկին չեմ ճանաչում, ով չի տեսել փախչող թուրքի կամ ադրբեջանցու  եւ բոլորիս մոտ զարմանք էր առաջանում, ինչպես են նրանք կարողանում առաջադիմել, երբ բոլոր մարտերում պարտություն էին կրում, բոլորը բացառապես օդայինի: Պատերազմի վերջին 4  օրվա ընթացքում բեկում տեղի ունեցավ, ակնհայտ էր, որ երբ մերոնք ռուսական հատուկ միջոցների շնորհիվ կարողացան օդը փակել, էականորեն վիճակը բարելավվեց եւ արդեն ոչ մի առավելություն հակառակորդը չուներ  եւ  եթե պատշաճ կազմակերպվածություն դրսեւորեին քաղաքական ղեկավարությունը եւ  բարձրագույն սպաները, իմ կարծիքով` ամբողջովին կարելի էր բեկել իրավիճակը եւ Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել:  Եւ հենց այդ պահին, երբ որ բեկումը մոտ էր, անհասկանալիորեն ստորագրվեց»,- ասաց նա:

Դանիելյանը հայտնեց, որ երեկ աննախադեպ կառավարության որոշում է կայացրել, որով 5 միլիոն եվրո պարզապես դուրս  է գրվել կենտրոնական բանկից. «Իմ կարծիքով, սա իրենց թոշակը ապահովելու համար է, իրենք փորձում են վերջին պահին, ըստ էության գողանալով էդ միջոցները կենտրոնական բանկից, ապահով հեռանան, ու էս ձեռնարկվող քայլերը իրենց համար, իմ կարծիքով ուղղակի ժամանակ շահելու միջոց է: Ես կարծում եմ, որ նրանք շատ լավ հասկանում են, երբ բնակչության մեծ մասը քո մահն է ուզում, դու քաղաքական ապագա չես կարող ունենալ»: