Հաշվի առնելով բոլոր հանգամանքները եւ այն կարծիքներն ու պահանջները, որ ներկայացրեց ԲՀԿ-ն առ այն, որ այսօր Ազգային ժողովում տիրում է աննորմալ մթնոլորտ եւ ֆարս, մենք գտնում ենք նպատակահարմար չմասնակցել այսօր հերթական նիստին եւ կրկին կոչ ենք անում գործընկերներին՝ միանալ արտահերթ նիստի գումարմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում վարման կարգով ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրան միացավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ նշեց, որ այդ դահլիճում միայն պետք է քննարկել ռազմական դրության վերացման հարցը, իշխանափոխության եւ նոր բանակցողի հարցերը:

«Այլ հարցերի քննարկումն անարգանք է զոհերի հիշատակին: Մենք բարոյական իրվուոնք չունենք ձեւ անել, թե ոչինչ չի եղել: Եթե դուք շարունակում ենք ձեր օրակարգը, կարծես չեն եղել զոհեր, չի եղել կապիտուլյացիա, մենք չենք մասնակցելու այդ նիստին»,-ասաց նա:

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ այն մարդը, որ հրահրում է ամեն ինչ, բախումներ, այդ մարդը վարչապետն է եւ պետք է հեռանա, որ կարողանան երկխոսել: «Մենք հրավիրել ենք արտահերթ նիստ, հուսով ենք, որ «Իմ քայլը» խմբակցության համապատասխան պատգամավորները կմասնակցեն խորհրդի նիստին, եւ ժամը 18:30-ին կքննարկենք ռազմական դրության վերացման հարցը, այլ թեմայով քննարկումների մենք չենք մասնակցելու»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները բարձրացրին քննարկվող հարցերի կարեւորությունը եւ նշեցին, որ հարցերից մեկը վերաբերում է համաձայնագրին, որի չկատարումը 16 միլիոն եվրոյի վնաս է հասցնելու Հայաստանին, նաեւ էներգետիկ անվտանգության խնդիր կա: