Վերջին օրերին, շաբաթներին ոստիկանները ցուցարարներին, ակտիվիստներին անընդհատ տանում են ոստիկանության բաժիններ. մեր եւ ոստիկանության կապվածությունը հասել է իր գագաթնակետին: Այս մասին ՀՀ ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Դրանից ելնելով՝ մենք այսօր որոշեցինք ինքներս գալ Ոստիկանության կենտրոնական մասնաշենք ու մեզ հուզող որոշ հարցեր հնչեցնել հենց այստեղ: Ի դեպ, սա հենց այն մասնաշենքն է, որտեղ ես ավելի քան 6 տարի աշխատել եմ: Ամեն դեպքում ոստիկան ասելիս՝ ինձ մոտ առաջին ասոցացիան միշտ եղել է արժանապատվության զգացումը»,-ասաց նա:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր հերթին նշեց. «Մենք այսօր ոստիկանության կենտրոնական մասնաշենքի առաջ են հավաքվել եւ ամեն օր մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մեզ ծնկած ենք զգում, քանի որ մեր երկրի ղեկավարը թշնամու առաջ ծնկած մարդ է, այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը ղեկավարում է թշնամու առաջ ծնկած, թշնամու ծաղրուծանակին ենթարկվող մարդկանց խմբակ»:

Մելիքյանը նշեց, որ այսօր ոստիկանության մոտ են հավաքվել տարբեր հայացքներ ունեցող մարդկանցով, սակայն ունեն մեկ համոզմունք, որ երկիրը չի կարող ղեկավարել դավաճանը. «Մենք ուղերձ ունենք ոստիկանությանը՝ կապված առանձին ծառայողների վարքագծի հետ: Օրեր առաջ ես ոստիկաններին հորդորեցի ու խնդրեցի, որ իրենց չպահեն ադրբեջանական շեւրոն կրող ոստիկանների նման: Ցավոք սրտի, վերջին օրերը ցույց տվեցին, որ այդպիսինները կան, թեկուզ շատ չեն: Մենք այսօր մեզ հետ բերել ենք ադրբեջանական շեւրոն, որպեսզի հորդորենք, որպեսզի այն, որից ոստիկանների մի մասն իրենց թեւին կամ սրտի մեջ ունեն, վերացնեն:

Մենք Հայաստանում ենք, ՀՀ քաղաքացիներ ենք: Ոստիկանությունը պարտավոր է մեզ վերաբերվել որպես իրենց հայրենակիցների: Այն առանձին ոստիկանության ծառայողները, որոնք իրենց ուսերին այս շեւրոնն են կրում, այս շեւրոնը պատռելով, հորդորում ենք վերացնել անհամաչափ ուժ կիրառելը:

Մարդկանց հարվածում են երբեմն, երեկ տեսանք, որ նույնիսկ հոսպիտալացված մարդ եղավ: Մենք հորդորում ենք խստորեն պահպանել օրենքի պահանջները»,-ասաց նա ու պատռեց ադրբեջանական շեւրոնը:

Մելիքյանի խոսքով, փողոց փակելը, որպես բողոքի ձեւ, ընդունելի սահմանադրական իրավունք է, առավելագույնը, որը ոստիկանները կարող են անել, ժամանակ տրամադրելն է: «Ոստիկանները պարտավոր են ապահովել հավաքի անվտանգությունը: Երկրորդ՝ մենք ոստիկաններին հորդորում ենք հիշել, որ Արամ Մանուկյանի հիմնած կառույցի աշխատակիցներ են: Մանուկյանը ՀՀ ոստիկանությունն է հիմնել: Շուշի հանձնողի հրամանները կատարելիս՝ թող հիշեն, որ Արամ Մանուկյանի հիմնած կառույցի սպաներ ու ծառայողներ են»։