Սահմանների որոշման գործընթացը պետք է պատասխանի երկու հիմնական հարցի. կդառնա՞ դա արդյոք մարդու իրավունքների խախտման պատճառ, ընդ որում, ոչ միայն սահմանամերձ շրջանների, այլ նաեւ ողջ ժողովրդի համար, եւ խախտվո՞ւմ է արդյոք սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նա մոնիթորինգային մի քանի այց է կատարել Սյունիք եւ Գեղարքունիք՝ այսօր իրավիճակի առնչությամբ իր եզրակացությունները ներկայացնելով: Թաթոյանը նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել զինվորականների, պաշտոնյաների եւ տեղի բնակիչների հետ:
Նա նշեց, որ Հայաստանի, կոնկրետ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի դեպքում ակնհայտ են խախտումները: Անցկացված մոնիթորինգը վեր է հանել խնդրահարույց հարցերը: Օրինակ, Շուռնուխ գյուղը բաժանվել է երկու մասի՝ հայկական եւ ադրբեջանական: «Դա մեխանիկական մոտեցման արդյունք է: Նման մոտեցումն անընդունելի է»,-նշեց Թաթոյանը: Նրա խոսքով՝ այժմ սահմանները որոշվում են GPS-ի եւ Google քարտեզի օգնությամբ: «Google-ը մասնավոր կազմակերպություն է: Մենք օգտագործել ենք նաեւ այլ մասնավոր քարտեզներ եւ այլ արդյունքներ ստացել: Այլ քարտեզներում Շուռնուխն ամբողջությամբ ցույց է տալիս որպես հայկական: Եվ այլ հատվածներում եւս նման խնդրահարույց հարցեր կան»,-նշեց օմբուդսմենը:
Մեխանիկական մոտեցումը, որի դեպքում Գորիսն ու Կապանը միացնող 68 կմ ճանապարհից 21 կմ-ն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, Ադրբեջանի կողմից սադրանքների համար առիթ է ստեղծում: «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակներ են հայտնվել քարտեզով, որի վրա Սյունիքը «ներառված է» Ադրբեջանի կազմում: Պարբերաբար զինված ադրբեջանցիներ են հայտնվում ճանապարհին:
«Դրանք ճանապարհներ են, որոնք կապում են մեր բնակավայրերը, եւ դա մեխանիկական մոտեցման արդյունք է: Դա տեղի է ունենում ոչ միայն Գորիսում, այլ նաեւ Կապանի օդանավակայանում: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղիղ սպառնալիք է հայտնվել ոչ միայն օդանավակայանի, այլ նաեւ Կապանը Երեւանի հետ կապող ճանապարհների, խաղաղ բնակավայրերի համար, Մեղրիի շրջանում եւս նման վիճակ է: Մարդկանց ֆիզիկական եւ հոգեւոր անձեռնմխելիությունը սպառնալիքի տակ է: Սեփականության իրավունքը կոպտորեն խախտված է»,-ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց զինվորականների, սահմանապահների անձնուրաց ծառայությունը, ռուս խաղաղապահների կարեւոր առաքելությունը: «Սակայն կան հարցեր, որոնք չեն կարգավորվել եւ կարող են երկարաժամկետ խնդիրների պատճառ դառնալ: Պատկերացրեք, որ «ադրբեջանական» հատվածներում, որտեղով խորհուրդ են տալիս արագ անցնել, ՃՏՊ տեղի ունենա: Ո՞ր օրենսդրությամբ պետք է առաջնորդվել: Իսկ ի՞նչ է լինելու, եթե ՃՏՊ-ն տեղի ունենա ադրբեջանական եւ հայկական մեքենաների մասնակցությամբ, կամ էլ եթե մարդու վրաերթի ենթարկեն, կամ էլ եթե մեքենան փչանա: Եթե դա ադրեջանական տարածք է, ապա ադրբեջանցի փորձագետնե՞ր են գալու եւ հետաքննությու՞ն են անցկացնելու ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Այդ հարցերը պետք է անհապաղ լուծել, քանի որ դրանք վերաբերում են մարդու իրավունքներին»,-հիշեցրեց մարդու իրավունքների պաշտպանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը ոչ միայն չի ավարտվել, այլ նաեւ խորացել է: «Ի՞նչ է, մոռացե՞լ եք ռազմական հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել ոչ թե 200 տարի առաջ, այլ ընդամենը մի քանի օր առաջ: Անվտանգության հարցերը պետք է քննարկել այդ համատեքստում: Ադրբեջանցի զինվորականներին քարտեզներ են բաժանում, որտեղ Սյունիքն իրենց տարածքն է: Եվ այդ ամենը հակահայկական կարգախոսներով եւ էթնիկ զտման կոչերով»,-նշեց նա:
Թաթոյանի խոսքով՝ պետք է հիշել 20-ական թվականների պատմական իրադարձությունները, երբ ստեղծվեց Կարմիր Քրդստանը, որի մեջ մտավ նաեւ Կովսականը (Զանգելան)՝ Հայաստանը Արցախից բաժանելու նպատակով: Օմբուդսմենը հայտնեց, որ Կապանի քաղաքապետի օգնությամբ հայտնաբերվել են գյուղի հնաբնակները, ովքեր ցույց են տվել կեսդարյա վաղեմության բետոնե սյուներ, որոնց վրա մուրճ ու մանգաղի տեսքով պատկերված են հին դեմարկացիոն սյուներ, որոնք սահմանվել են Մոսկվայի հրամանով, երբ ադրբեջանական կողմը փորձել է հայկական տարածքներ զավթել: Սակայն այստեղ խնդիր կա, քանի որ հին քարտեզները կազմվել են՝ ելնելով գյուղատնտեսության առաջնահերթությունից:
Այսօր մեխանիկական մոտեցման արդյունքներով մասնավոր անձինք եւ համայնքները զրկվել են հարյուրավոր հեկտար հողերից: Շատ գյուղացիներ սպանում են անասուններին եւ լքում շրջանը: Նման իրավիճակ է նաեւ ներդրողների դեպքում, որոնք ներդրումներ են կատարել օբյեկտներում, որոնք հայտնվել են ադրբեջանական կողմում: Օմբուդսմենը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմը պարտավոր է փոխհատուցել վնասը՝ որպես պատերազմի եւ էթնիկ զտումների նախաձեռնող: Այդ առնչությամբ պետք է դիմել միջազգային դատական ատյանների:
«Պետությունը պետք է գործի ի շահ քաղաքացիների եւ սահմանների անձեռնմխելիության: Վարչական-տարածքային բաժանման մասին օրենքը չպետք է կապակցել սահմանների հետ: Արտաքին սահմանների սահմանման հարցը բոլորովին այլ հարց է, նույնիսկ եթե օրենքում հիշատակվում են Ադրբեջանի հետ սահմանները»,-ընդգծեց օմբուդսմենը:
Եզրափակելով ադրբեջանցի զինվորականների սադրանքների մասին իր դիտարկումները՝ Արման Թաթոյանն ընդգծեց, որ զինված զինվորականներ չպետք է լինեն խաղաղ բնակիչների կողքին:











