Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ինձ հետ շփվելիս նշեց, որ ես մամուլի ներկայացուցիչների հետ շփվելիս կարող էի այդքան մանրամասն չանդրադառնալ իմ անշարժ գույքի հարցին: Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Դատական բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց այդ պաշտոնի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Քոչարյանը, մասնավորապես, Ջհանգիրյանին ասել է, որ նա պետք է լրագրողներին միայն ասեր, որ վաճառել է իր եռահարկ տունը, որը գտնվում է Բաղրամյան պողոտային կից եւ կառուցվել է 1989-1990 թվականներին: Այդ ժամանակ Ջհանգիրյանը չէր զբաղեցնում բարձր պետական պաշտոններ: Այդ տունը հաջողությամբ իրացնելուց հետո Ջհանգիրյանն իր համար նոր տուն է կառուցել:
«Հիմա ես կարող եմ այդ հարցին այսպես պատասխանել»,- ասաց Ջհանգիրյանը:
Անդրադառնալով այն քննադատությանը, որ տունն ավելի շատ «պալատի» է նման, քան տան: Ջհանգիրյանն ասաց, որ այնտեղ ոչ մի բան չկա, որ պալատ հիշեցներ:
«Մեր հարեւանությամբ այնպիսի պալատներ կան, որ մեր տունը դրանց համեմատությամբ գոմի է նման»,- դժգոհեց Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյանը 1977 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո պրակտիկա է անցել Մոսկվայում եւ 1983 թվականին թեկնածուական թեզ պաշտպանել:
1984 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ գիտական կառույցներում, 1988 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, իսկ 1995-2007 տարիներին ԵՊՀ-ի պետական քննական հանձնաժողովի նախագահն էր:
1990 թվականից աշխատել է արդարադատության նախարարությունում (ընդհուպ մինչեւ առաջին փոխնախարարի պաշտոնը), մասնակցել է երկրի առաջին Սահմանադրության մշակմանը, դատական համակարգի մեծ թվով օրենքների հեղինակն է ու համահեղինակը, մասնակցել է դատա-իրավական համակարգի բարեփոխման հայեցակարգի մշակմանը (2006 թվական):
1998-2003 թվականներին դատախազի կարգավիճակով մտել է Արդարադատության խորհրդի կիազմի մեջ: 1997 թվականին նշանակվել է ռազմական դատախազ, որից հետո 2006 թվականին՝ գլխավոր դատախազի տեղակալ, որտեղ աշխատել է մինչեւ 2008 թվականի փետրվարի 23-ը: 2012 թվականին «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:











