Փետրվարը Հայաստանում անոմալ բարձր ջերմային ֆոնով է սկսվել, հայտնել է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը: Վերջին երեք օրերին ջերմաստիճանը սովորակնից մինչեւ 12 ատիճան բարձր է եղել, առաջիկա օրերին էլ ավելի կբարձրանա։
Սահարա անապատի հյուսիսային շրջաններից ներթափանցող տաք օդի ալիքով պայմանավորված՝ փետրվարի 8-9-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 6 աստիճանով։
Իսկ Սյունիքի և Տավուշի հովտային գոտում ռեկորդային բարձր՝ +20․․․+23 աստիճան տաքություն կգրանցվի։
Ռուսական կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ քննարկվել է Արցախյան պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է ռազմագերիների ու քաղաքացիական անձանց` Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ջանքերի կարևորությունը։ Դեսպանի խնդրանքով` երրորդ նախագահն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին։
Մամուլին մանրամասներ են հայտնի դարձել ընդդիմության 6 առաջնորդների փետրվարի 2-ի հանդիպումից։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների։ Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, միասնական պայքարի կողմնակից են նաեւ «Դաշնակցությունն» ու Ռոբերտ Քոչարյանը, իսկ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է արտահերթին, եթե Փաշինյանը մնա վարչապետ: Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ընդդիմության միասնական թեկնածուն:
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախարարության՝ գնդապետի կոչումով բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։ Հաղորդագրությունում շարադրված են կաշառակերության ու խարդախության մի շարք դրվագներ։
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, որն իր դիմումով ազատվել էր անցած տարվա նոյեմբերի 18-ին։
Կառավարության նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է փետրվարի 1-ից վերաբացված Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթներով Հայաստանից արդեն 3900 մարդ է մեկնել, Հայաստան է եկել 3400-ը։
Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանն այլ տեղեկություն էր հայտնել՝ նշելով, որ Ռուսաստանի հետ ավիահողոդակցությունը բացելու առաջին օրը ավելի շատ մարդ եկել է Հայաստան, քան մեկնել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հայտնել է, որ վերջնականացվում է պայմանագրի կնքումը, եւ շուտով արդեն Հայաստանում կունենաք ռուսական «Sputnik V» պատվաստանյութը:
Ըստ նախարարի՝ որեւէ մեկին պարտադրաբար չեն պատվաստելու, ամեն ինչ կամավորության սկզբունքով է լինելու, առաջնահերթությունը տրվելու է ռիսկի խմբերում ներառված քաղաքացիներին:
Նիստի ընթացքում հանքարդհունաբերության մասին խոսելիս, վարչապետ Փաշինյանն ասել է, թե մարդիկ կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ այն շատ կարեւոր արդյունաբերական հումք է։
Ըստ Փաշինյանի՝ Ամուլսարի մասով կայացվելու է որոշում՝ հաշվի առելով Հայաստանի հավասարակշռված շահերը: Որոշման ժամկետներ դարձյալ չեն նշվել։
Կառավարության հաստատած հանրակրթության նոր չափորոշիչով միավորային գնահատումը գործելու է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից․ տարրական դասարաններում աշակերտների առաջադիմությունը միավորներով չեն գնահատվի։ Նախարարությունը առաջարկում է հրաժարվել նաեւ անբավարար գնահատականային շեմից եւ 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց։ Նոր կարգը փորձարկվելու է սեպտեմբերից:
Գարնան սկզբին պետական հատվածում կենսաթոշակների եւ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ պետք է չլինեն, լրագրողներին ասել է ֆինանսների նախարարը, քանի որ, ըստ Ատոմ Ջանջուզազյանի՝ մակրոտնտեսական իրավիճակը կայուն է: Կառավարության պարտքը ենթադրվում է, որ կմոտենա 8,5 միլիարդին, իսկ պետական պարտքը՝ 8,9 միլիարդ դոլարին։ Կառավարության վերջին պարտքը 750 միլիոն դոլար է, այն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Գործադիրը օգնություն կտրամադրի Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչներին, որոնց անշարժ գույքը մնացել է ադրբեջանցիներին։ Յուրաքանչյուրին կտրվի միանվագ 300 հազար դրամ, 6 ամիս՝ ամսական 68 հազար դրամ, դրամական օգնություն կտրամադրվի նաեւ շահառու համարվող անչափահաս երեխաների ծնողին կամ խնամակալին:
Վարչապետ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Սաֆարյանը հայտարարություն է տարածել, նշել, թե իր ազատվելը պայմանավորված չէ աշխատանքի կամ մասնագիտական որակներով։
Կառավարության շենքի առջեւ այսօր յուրօրինակ ակցիա են արել Դաշնակցության երիտասարդները։ Նրանք սպիտակ խալաթներով եւ հաշմանդամի դատարկ սայլակով եկել են կառավարության շենքի մոտ ու հայտարարել, թե կառավարությունից կանչ են ստացել եւ եկել են Փաշինյանին տանելու հիվանդանոց։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, կտրականապես հերքելով լուրերը, թե իբր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ: Բալասանյանը նաեւ հերքել է լուրերը, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է: Արցախի պետական մարմինները պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են ստեղծում Արցախի սահմանների պաշտպանության նպատակով: Լուրերը, թե Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը կբնակեցվեն ադրբեջանցիներով, թե Ստեփանակերտում ադրբեջանցիները գնումներ են կատարում, նույնպես զուրկ են հիմքից։
Անցած մեկ օրում Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 13 մարդ, որոնցից 2-ի մահն, ըստ առողջապահության նախարարության, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3886 է։ Մեկ օրում գրանցվել է վարակվելու 147 նոր դեպք:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.45 դրամով ու հասել 520.60 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.64 դրամով ու կազմել 623.94 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.66 դրամով ու կազմել 707.08 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու հասել 6.90 դրամի:
Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 5-ին սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան տեսքով, նախալեռներում եւ հովիտներում` անձրեւի: Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը՝ +9 +11:











