Հասարակությունը, պարզվում է, արտահերթ ընտրությունների պահանջ չի առաջադրում. կիրակի հանրային եւ քաղաքական կյանքը նոր իրողության առաջ հայտնվեց իշխող ուժի հայտարարությունից հետո։ Փետրվարի 7-ին վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն արձանագրեց, որ արտահերթ ընտրությունների մասին վարչապետի առաջարկին խորհրդարանական ընդդիմությունը դրական չի արձագանքել, հասարակության լայն շերտերը արտահերթ ընտրությունների պահանջ չունեն, եւ իրենք շարունակում են աջակցել վարչապետին՝ նոյեմբերի 18-ի նրա ճանապարհային քարտեզի իրականացման գործում։ Շատ վերլուծաբաններ շեշտել են, որ այս հայտարարությունն, ակներեւաբար, ընդունվել է Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքակնություն վերադառնալու եւ ընտրություններում Փաշինյանի թիմին հաղթելու մտադրության հռչակման ազդեցության ներքո։

Մեծ քաղաքականություն վերադառնալու մասին 2–րդ նախագահը հայտարարել էր «Սպուտնիկի» հետ հարցազրույցում։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։

«Մարդիկ ճաշակել են պոպուլզմի, գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի պտուղները, ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,– ասել է Քոչարյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ իշխանությունն արել է մի մանիպուլյատիվ քայլ, որն այսօր հաջողությամբ իր ավարտին է հասցնում. նոյեմբերի 10-ից, նրա խոսքով, ընդդիմադիր դաշտում եղել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարական:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ լրագրողներին ասել է, թե խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն դրական չի արձագանքել։ Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իշխող ուժը վախեցել է ընտրություններից, Մակունցն արձագանքել է, թե իրենց հայտարարությունները վախի կոնտեքստում չեն եղել։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը համարում է, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել է, քանի որ, վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի, հասկացել է նաեւ, որ այդ դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։

Ըստ Սաղաթելյանի՝ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել չարիքի իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց: Նա հիշեցրել է, որ առաջիկա հանրահավաքը կայանալու է փետրվարի 20-ին՝ ժամը 15-ին, Ազատության հրապարակում:

Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանին ազատ արձակելու պահանջով: Նշվել է, որ Բադասյանը պատերազմում գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել եւ հիմա բանտային կյանքը հետվիրահատական վիճակի հետ անհամատեղելի է: «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն ասել է՝ Բադասյանին կալանավորել են, որովհետև նա ասել է մի բան, որ շատերն են մտածում։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը լրացուցիչ գրառումով պարզաբանել է իր սկանդալային հայտարարությունը, որտեղ նշել էր, թե ֆրանսիացի լրագրողների պատվիրակությանը ռուս խաղաղապահներն Արցախ չեն թողել, քանի որ նրանք չեն հավատարմագրվել Բաքվում։ Մինասյանը գրել է, որ ռուսական անձնակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը Վաղարշակ Հարությունյանին նամակ է գրել, նշելով, որ նախքան նոր հրահանգներ ստանալը խաղաղապահները Արցախի տարածք թույլ կտան նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների քաղաքացիներին:

Հայաստանում կձեւավորվի ներքին գործերի նախարարություն։ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել ու քննարկել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ անելիքները:

Երեւանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ բողոքել են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպումից: «Հստակ չի ասվում, թե երբ է լինելու ընդունելությունը։ Մի տարի ծնողները համբերել են, հիմա կարանտինն էլի երկարացվում է, բայց պարտեզների ընդունելության մասին ոչինչ չեն ասում»,– նշել է իր զավակին 2019–ի սեպտեմբերից հերթագրած մայրիկը։

Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%։ Ըստ Վիճակագրության կոմիտեի՝ 2020-ի հունվարի համեմատ 2021-ի հունվարին բուսական յուղը թանկացել է 44,3%-ով, շաքարավազը՝ 40,7%-ով, ձուն՝ 26,4%-ով, կաթնամթերքը՝ 7,7%-ով, միրգը՝ 12%-ով, բանջարեղենը՝ 10%-ով, խառը կանաչին՝ 53,5%-ով, հացը՝ մոտ 8%-ով, ալյուրը՝ 12,5%-ով, խմիչքն ու ծխախոտը՝ 6,8%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 5,5%-ով, միսն էժանացել է 0.1 տոկոսով:

Սահմռկելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մասիսի բուժկենտրոնից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2-ամյա տղա երեխա։ Ըստ Shamshyan.com-ի՝ երեխայի մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկներ։ Բերման են ենթարկվել երեխայի մայրն ու խորթ հայրը, որոնք հայտնել են, թե շաբաթ երեկոյան երեխան պատահաբար խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ, կիրակի կեսօրին նկատելով, որ երեխան չի արձագանքում, բերել են հիվանդանոց։ Իրավապահները տվյալներ ունեն, որ մայրն ու տատն են ծեծից հետո դեղերը խմեցրել երեխային։ Հնարավոր է հանցագործությունը վերաորակվի սպանության։

2015-ի հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի գործով ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին դատարանն այսօր արդարացրել է: Դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ մեղադրանքները չեն ապացուցվել: Ըստ մեղադրանքի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն եւ բժշկուհի Անի Բաբելյանն իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են անփույթ եւ անբարեխիղճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 168 հազարից: Մահացել է 10 մարդ, որոնցից 4-ի մահը մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3906 է։

Հիմալայներում սառցաբեկորը պոկվել եւ մխրճվել էր ամբարտակի մեջ կիրակի առավոտյան: Ջրհեղեղի հետեւանքով սկսվել է մոտակա գյուղերի բնակչության տարհանումը: «Հստակ թիվը դեռ չի հաստատվել, սակայն 100-150 մարդ հարարվում է զոհված»,- հայտնել են հնդկական նահանգի վարչակազմից:

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»: Իտալական մամուլի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով և հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին: «Ծեր սինյորայում», ինչպես հաճախ անվանում են «Յուվենտուսը», սպասում են Մխիթարյանի որոշմանը: Հենրիխը դեռ չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը. Դրա շուրջ շուտով բանակցելու է նրա գործակալ Մինո Ռայոլան:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.67 դրամով ու կազմել 521.80 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.46 դրամով ու հասել 627.67 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.86 դրամով ու հասել 715.34 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել 7.01 դրամ։

Հայաստանի որոշ հատվածներում փետրվարի 9-ին ցերեկը սպասվում են թույլ եւ կարճատեւ տեղումներ: Եղանակն ավելի կտաքանա: Երեւանում եւս ցերեկը հնարավոր են կարճատեւ անձրեւներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2 +4, վաղը ցերեկը +11 +13 աստիճան: