«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում իր հրավիրած հավաքի ժամանակ առաջարկել է հրապարակը դարձնել շարժման  շտաբը, խոստացել ամեն օր երկու ժամ՝ երեկոյան 5-7-ը, լինել այնտեղ, զրուցել մարդկանց հետ: «Պետք է ամեն մի թաղում, կոլեկտիվում ստեղծվեն կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները, հարեւանների հետ, խմբեր, ջոկատներ կազմեք, մեր կենտրոնը այստեղ կլինի: Մի խումբը կգնա մի պատգամավորի հետեւից, մի խումբը կգնա մի ոստիկանի հետեւից»,-ասել նա: Փաշինյանին տապալելու համար պետք է ջարդել նրա ոտքերը, ասել է Մանուկյանը, պարզաբանելով, որ նկատի ունի նրա 4 հենարանները։

Մանուկյանի խոսքով՝ բոլոր այն բարձրաստիճան ոստիկանները, որոնք ծառայում են Փաշինյանին՝ դավաճան են. «Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ իրենք փողոցով գնան, իրենք պետք է վախենան սրճարան մտնել: Հաջորդ հենարանը այն մարդիկ են, որոնք սնվում են դրսից եւ մասնակից են այս դավաճանությանը: Մենք կհրապարակենք անունները, այդ մարդիկ իրավունք չունեն փողոցով քայլելու: 4-րդ խումբը ծախուներն են, որոնք փողի կամ արտոնության համար փակում են իրենց ճանապարհը», ասել է նա եւ ընդգծել. «Ատելության դեմ ատելություն, ագրեսիայի դեմ ագրեսիա»:

Հայաստանից տարածքներ են խլում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով Սյունիքում կատարվողը։ Նա պնդել է, որ խորհրդային շրջանում Հայաստանը չէր կարող ճանապարհ կառուցել Կապանում, եթե այն անցներ ադրբեջանական տարածքով։ Տեղի ունեցող գործընթացներում Բագրատյանը մեղադրում է նաեւ Հանրապետության նախագահին, որը չի երաշխավորում երկրի տարածքային ամբողջականությունը։ Բագրատյանը պատասխանել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ հարցին, թե ինքն իբր վտանգավոր հայտարարություններ է անում։

Ոստիկանների բռնության մասին հերթական սկանդալն է պայթել.  Yerevan.today-ը  տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանության շենքում 12 ոստիկան քաղաքացուն դաժանաբար ու անխնա ծեծի են ենթարկում: Անցյալ տարվա օգոստոսին «Փոսի գայի»  այցելած տղամարդը ցանկացել է տուգանք վճարելով հետ ստանալ տուգանային հրապարակ տարված իր մեքենան։ Վեճ է ծագել ու միանգամից վերածվել է հաշվեհարդարի: Կայքը նշել է, որ չնայած միջադեպը կոծկելու փորձերին՝ Հատուկ քննչական ծառայությունը, ստիպված, քննություն է սկսել, քանի որ հիվանդանոցից ահազանգ է եղել: Վարորդին ու նրա եղբորը հարվածներ են հասցրել նույնիսկ մեքենան տարհանող աշխատակիցները, սակայն միայն երկու ոստիկանի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել, քրեական գործ է հարուցվել 3-ի նկատմամբ։ Գործն արդեն դատարանում է: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկաններից մեկը Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընկերն է։

Երևանի օղակաձև այգում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է: Հետաքննություն է սկսվել, դեպքի բացահայտման ուղղությամբ գործողություններ են իրականացվում:

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շուտով խոսելու է։ «Նա խոսելու էր շատ ավելի շուտ, բայց պատերազմը, այնուհետեւ անձնական ողբերգությունը, հետո էլ կորոնավիրուսով վարակվելը, հետաձգեցին նրա հարցազրույցները», ասել է ՀՀԿ խոսնակը։ 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը վերջապես պատասխանի այն հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ իր հրաժարականի ուղերձում ասում էր՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալվեցի»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ նախօրեին տեղի է ունեցել ՀՀԿ  երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրության արարողությունը:  Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հարսանյաց խնջույք տեղի չի ունեցել:

Երեկվանից հանրությանը բորբոքել էր լուրը, թե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Արցախի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի արձանը։  Մարտունիի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը  NEWS.am-ին հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի իրենից նման բան պահանջելու: Քաղաքապետը նշել է, որ արձանի տեղադրման վայրի վերաբերյալ կա ավագանու որոշում եւ եթե նույնիսկ տեղափոխվի, ապա պետք է ավագանու որոշում լինի:

Հայաստանում նոր կորոնավիրուսով անցած մեկ օրում վարակվելու 154 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 168830 է: Մահացել է 5 վարակակիր, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3926 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով ու հասել 524.28  դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.75 դրամով ու կազմել  634.80 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով ու կազմել 722.82 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել 7.06 դրամ:

Փետրվարի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 2-4, վաղը ցերեկը 14-16 աստիճան զրոյից բարձր։