Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատն անընդունելի է ճանաչել։ Հայցվորը Քելբաջարի իր ենթադրյալ տունը լքել էր 1993 թվականին, գանգատ ներկայացրել 2008-ին, այսինքն Հայստանում եվրոպական կոնվենցիան վավերացնելուց ավելի քան 6 տարի անց՝ տնից ենթադրաբար հարկադիր տեղահանումից ավելի քան 15 տարի անց, հետեւաբար դիմումը դատարանը համարել է ուշացած։

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը Երեւանի որոշ դպրոցների զբաղեցրած հողատարածքներից հատվածներ առանձնացնել իր եւ իր մերձավորների համար, հետո էլ աճուրդով էժան վաճառել նրանց։ Նախկին քաղաքապետի փաստաբանն ասել է, որ Մարգարյանը հումորով է վերաբերվում իրեն առաջադրված մեղադրանքին։

2020–ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններից մինչեւ օրս Հայաստանում ծնված տղաներից ավելի քան 700–ին կոչել են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով, ինչն աննախադեպ է։

Ուշագրավ է, որ 2016-ից մինչև 2021թ փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում ազգային-ազատագրական շարժման գործիչ Մոնթե անվամբ անվանակոչվել է 1816 երեխա: Հայաստանում Մոնթե անունը նորածիններին ավելի հաճախ տրվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Տարեցտարի այդ ցուցանիշն ավելացել է։ 2020–ին Մոնթե անունը տրվել է 739, իսկ 2021–ի մեկ ամսում՝ 115 տղաների։

Կառավարությունը վերջին օրերին երկու աղմկահարույց նախագիծ է դրել շրջանառության մեջ, մեկը՝ Քրեական օրենսգրքում, մյուսն էլ ՝ բուհերի ընդունելության կարգում փոփոխությունների վերաբերյալ։

Դատախազության նախաձեռնած փոփոխությունների նախագծով առաջարկվում է պատիժ սահմանել իշխանությունների ներկայացուցիչներին վիրավորելու և զրպարտելու համար։ Մասնավորապես, հանրային ծառայության մեջ գտնվող անձին նրա կողմից իր ծառայողական պարտավորությունների կատարման հետ կապված վիրավորանք կամ զրպարտանք հնչեցնելու համար նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։ Նույն արարքը կատարելու համար ավելի խիստ կպատժվեն լրատվամիջոցները՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով տուգանքից մինչև ազատազրկում՝ երկու տարի շամկետով։ Այս նախագիծը արդեն քննադատության է արժանացել՝ դիտարկվելով որպես ընդդիմադիրներին լռեցնելու փորձ։

Կրթության նախարարության մշակած նախագծով էլ արմատական փոփոխություն է նախատեսվում բուհերի ընդունելության կարգում։ Դրանով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական եւ լրացուցիչ փուլերով: 1-ին փուլում դիմորդը կհայտագրի միայն մեկ մասնագիտություն։ Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ։

2020-ին՝ նախորդ տարվա համեմատ Հայաստան է ներկրվել 26 անգամ պակաս ավտոմեքենա։ ՊԵԿ-ի մաքսային պաշտոնյաների հրապարակած տվյալով՝ 2020-ին Հայաստան 7300 ավտոմեքենա է ներկրվել, հիմնականում` ԱՄՆ-ից, 2019-ի 189 հազար ավտոմեքենայի դիմաց:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 170 հազարից։ Անցած մեկ օրում մահացել է 5 վարակված, որոնցից 3-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 3955 է։

Սեւանի ոստիկանները հայտնաբերել են որոնվող քաղաքացի Խաչատուր Աբովյանին: Փետրվարի 17-ի առավոտյան, անհայտ քաղաքացին զանգահարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը, ներկայացել որպես Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ Խաչատուր Աբովյան: Ոստիկանները գտել ու բերման են ենթարկել Խաչատուր Աբովյանին, նրանից բացատրություն են ստացել եւ ազատ արձակել։

Եթերից զրկված Հ2 ալիքն իր իրավունքների վերականգնման համար կդիմի օրենքով թույլատրելի բոլոր քայլերին: Ալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանը լրագրողներին ասել է, որ ալիքը լռեցնելու կրկնվող փորձերից հետո, հիմա էլ հանձնաժողովը փորձում է ամեն ինչ ներկայացնել որպես մրցույթի արդյունք: Հայաստանի օրենսդրությունը եւ ՄԻԵԴ դիրքորոշումը հանձնաժողովից ուղիղ պահանջում են, որ նրա որոշումները հիմնավորված լինեն:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով ու կազմել 524.48 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.47 դրամով ու հասել 636.40 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.50 դրամով ու հասել 733.59 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 7.10 դրամ:

Փետրվարի 20-ի գիշերը երկրի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Եղանակը 7-9 աստիճանով կցրտի փետրվարի 21-22-ի գիշերը։ Երեւանում ձյուն է սպասվում փետրվարի լույս 21-ի գիշերը։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը +1-ից +3 աստիճան։