Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ԱԱԾ–ն փորձում է գտնել Գագիկ Սողոմոնյան կեղծանվան տակ հանդես եկող ֆեյք օգտատիրոջը, որը մշտապես հանդես է գալիս իշխանություններին քննադատող գրառումներով և հայհոյախառն գրառումներ անում իշխանության օղակներում տեղի ունեցող անդրկուլիսային իրադարձությունների մասին։ Այս գործի շրջանակում ԱԱԾ-ն արդեն 4 անձի է ձերբակալել եւ յուրաքանչյուր ձերբակալումից հետո Գագիկ Սողոմոնյանը իր էջում գրառում է արել՝ ցույց տալով, որ ԱԱԾ-ն կրկին վրիպել է։ Ավելի ուշ 4-ից երկուսին՝ Արա Սաղեթելյանին եւ Արամ Սարգսյանին կալանավորել են, Մհեր Ավագյանին եւ Կարեն Բեքարյանին ազատ են արձակել։ Ընդ որում, պարզվում է՝ բոլորի մեղավորությունը ապացուցող միակ փաստը այն է, որ 4-ն էլ ինտերնետ են մտել նույն VPN հավելվածի տրամադրած IP հասցեներով, որից օգտվել է Գագիկ Սողոմոնյանը, այսինքն ընդամենը օգտվել են նույն IP սերվերից, որն, ի դեպ, գտնվում է Մոլդովայում։ Քաղաքական–հասարակական գործիչներն այս հիմնավորումն անհեթեթ են համարում, քանի որ VPN հավելվածի տրամադրած IP հասցեներից կարող են օգտվել բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում։ Գագիկ Սողոմոնյանն այժմ էլ շարունակում է ակտիվ գրառումներ անել։
Հայրենիքի փրկության շարժումը ակտիվացրել է փողոցային պայքարը։ Շաբաթ օրվա մեծ հանրահավաքից հետո այսօր երեկոյան Արաբկիրից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել անհնազանդության ակցիան։ Քաղաքացիները չորս կողմից փակել են հրապարակ մտնող ճանապարհները։ Ճանապարհին երթի մասնակիցները ձվերով հարվածել են ՀՔԾ շենքին, կանգ են առել նախագահական նստավայրի և ԱԺ շենքերի մոտ ու վանկարկել Նիկոլ, դավաճան։ Վաղը առավոտյան ժամը 11։30–ին քաղաքացիները հավաքվելու են կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, ուր, ըստ իրենց տեղեկությունների, աշխատանքային այց է ունենալու Նիկոլ Փաշինյանը, իսկ երեկոյան 18։30–ին Արամ Մանուկյանի արձանի մոտից երթ է տեղի ունենալու դեպի դատախազություն։ Հիշեցնենք, որ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն շաբաթ օրը հանրահավաքի ավարտին հայտարարել էր, որ ընդդիմությունը սկսում է նոն-ստոպ անհնազանդության ակցիաներ, մինչև հասնեն կառավարության հրաժարականին։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ուշագրավ հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստիին»։ Նա ասել է, որ երկրում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում, սակայն Երեւանն ու Մոսկվան քննարկում են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական կազմավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հնարավորության հարցը, հաշվի առնելով ռազմաբազայի ընդլայնումը: Դրանից բացի, ըստ նրա, Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրվել, մասնավորապես Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի անվտանգության ու պաշտպանության ապահովումը: Հարությունյանը նաեւ ասել է, որ վերջին պատերազմից հետո կօպտիմալացվի բանակի թվաքանակը, կանցնեն սպառազինության եւ ռազմատեխնիկայի նոր համակարգերի: «Դրան ամենաանմիջական կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է նա:
Բուկլետներ, ծաղիկներ և ջրի մի քանի շիշ. Հայկական ռազմարդյունաբերությունը միջազգային ցուցահանդեսին այսպես է ներկայացրել Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, ինչը հարուցել է հայ հասարակության վրդովմունքը։ Աշխարհի ամենահեղինակավոր եւ ամենամասշտաբային էքսպոյին՝ ռազմարդյունաբերության IDEX-2021 ցուցահանդեսին մեր տաղավարի դատարկ լինելն ավելի է ընդգծվել հարևանության գտնվող Ադրբեջանի տաղավարի ֆոնին, որտեղ ներկայացված են եղել ադրբեջանական ռազմարդյունաբերության բոլոր նմուշները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը պարզաբանել է, որ ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նմուշները մնացել են Մոսկվայում։
Hetq.am-ն այսօր ուսումնասիրություն է հրապարակել, ըստ որի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի միայն կառուցապատման և դիզայներական աշխատանքների կատարման նպատակով դեռևս փետրվարի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ:
ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունից հայտնել են, որ դեկտեմբերի 18-ին Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա մարդասիրական օգնությունը երկու ամսից ավելի արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում եւ սպասում է մաքսազերծման: Նախաձեռնության կազմակերպիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել այն սխեմաները, որոնք նպատակ են հետապնդում հետաձգել հումանիտար օգնության առաքումը, նաեւ նշել, որ Հայաստանի վարչակազմում բացակայում է մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու պատրաստակամությունը։
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել, նշել, որ բեռում առկա են սննդամթերք ու դեղորայք, որոնք պետք է հայտարարագրել, ինչի համար էլ անհրաժեշտ են, ՊԵԿ-ի ձեւակերպմամբ, կառավարության սահմանած համապատասխան մարմինների թույլտվություններ, ինչի մասին «Շարժում» նախաձեռնությունը տեղեկացվել է:
Արցախը նոր ԱԱԾ տնօրեն ունի. նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ այսօր Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 47–ամյա Աշոտ Հակոբջանյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, 2018թ նոյեմբերի 10-ից եղել է Արցախի ոստիկանապետի տեղակալը, իսկ 2020թ. մայիսի 26–ի հրամանագրով նշանակվել Արցախի ոստիկանության պետ, նրան շնորհվել ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնը մի քանի ամիս է՝ թափուր էր։ Մամուլը գրում էր, որ Կամո Աղաջանյանին ազատելուց հետո Արայիկ Հարությունյանը չի կարողանում հարմար թեկնածու գտնել, որն ընդունելի լինի հանրության եւ հատկապես ընդդիմադիր շրջանակների ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի համար։
Արցախում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում աճյունների որոնողական աշխատանքները փետրվարի 15-ից դադարեցվել են անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:
Թուրքիայի «Գորշ գայլերի» քաղաքական թեւ համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները Շուշիում կառուցվելիք դպրոցի հետ կապված մանրամասները քննարկել են Ալիեւի հետ՝ Բաքու կատարած այցի ժամանակ։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացրել է Շուշիում կառուցելիք իրենց դպրոցի էսքիզը եւ հայտնել, որ այն արժանացել է հավանության բոլորի կողմից։ Նշվում է, որ Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։
ԿԳՄՍ նախարարությունը մերժել է Երևանում հերոս Ալբերտ Հավհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը:
Քաղաքացին առաջարկել էր մայրաքաղաքում տեղադրել պատերազմի առաջին օրերին հայտնի դարձած հրետանավորի արձանը՝ որպես հայ անհաղթ հրետանավորի հավաքական կերպար։ Նախարարությունից նշել էին, որ քաղաքացու առաջարկի նպատակով 2021թ.–ի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն։
Զինված ավազակային հարձակում՝ Երեւանում։ Ցերեկը՝ 14։30, բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունու փողոցի վրա գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքով փող հափշտակել ու փախել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահերի ընդհանուր թիվը հասել է 3970-ի։ Անցած մեկ օրում մահացել է 5 վարակված, որոնցից 2-ը մահացել է այլ հիվանդությունից։ Գրանցվել է նաեւ վիրուսով վարակվելու 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 170506 է:
74 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասանուհի Եկատերինա Գրադովան։
Նրան հռչակ է բերել «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում դերը։ Գրադովան դերասան Անդրեյ Միրոնովի առաջին կինն էր, նրանից դուստր է ունեցել՝ Մարիա Միրոնովան, որը եւս հայտնի դերասանուհի է։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.62 դրամով ու հասել 525.10 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով ու կազմել 635.79 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.29 դրամով ու հասել 735.88 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով ու կազմել 7.03 դրամ:
Փետրվարի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: Երեւանում տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +6+8:











