Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կեսօրից հետո ոստիկանները սկսել են ուժ կիրառելով բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին, որոնց ակցիան ավարտվել էր։ Կառավարության հրաժարականը պահանջող ակտիվիստները հավաքվել էին թույլ չտալու վարչապետի մուտքն այս մասնաշենք, որի մոտ արդեն ժամեր առաջ մի քանի շերտով պատ էին կազմել մեծ թվով ոստիկաններ։ Նիկոլ Փաշինյանը շենք է մուտք գործել ցուցարարների վանկարկումների ներքո։
Փաշինյանի ներս մտնելուց հետո ոստիկանները մարմնական վնասվածքներ պատճառելով, ուժ են կիրառել մարդկանց նկատմամբ ու բերման ենթարկել 57 մարդու։ Նրանք փորձել են բերման ենթարկել «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվել է դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և աջակիցների օգնությամբ հեռանալ ակցիայի տարածքից։
Նրան հետապնդող ոստիկանները կրկին փորձել են բերման ենթարկել, սակայն հետո մտափոխվել։
Ուշագրավ է, որ բերման ենթարկելուց առաջ ոստիկանները չեն պահանջել դադարեցնել ակցիան:
Ցուցարարներին քաշքշելու ընթացքում կոտրվել է հայրենադարձ դաշնակցական Ռազմիկ Արաբյանի ոտքը: Նրան ոստիկանական բաժանմունքից տեղափոխել են 8-րդ հիվանդանոց:
Ընդհանուր հրմշտոցի մեջ ոստիկանները գետնին են տապալել օպերատորներից մեկին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է քաղաքացիներից մեկին թեւերից բռնած բերման ենթարկելիս ոստիկանն ակնհայտորեն հրում իր առջեւ կանգնած նկարահանող օպերատորին, որը կորցնում է հավասարակշռությունը և տապալվում գետնին:
Նախարարությունների շենքից դուրս գալիս, ինչպես մուտք գործելու ժամանակ Փաշինյանը ա դեպի կառավարություն է քայլել թիկնապահներով շրջապատված եւ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո։
Ի դեպ կառավարության շենքի տանիքին ամբողջ ժամանակ դիպուկահարներ էին կանգնած։
Արդեն երեկոյան ցուցարարները հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից երթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել են դեպի ոստիկանության շենք, այստեղ ամոթանք են տվել ոստիկանները, որոնք դարձել են իշխանության կամակատարները, կոչ են արել հարգել իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետևանքով Արցախում, մասնավորապես զոհված իրենց գործընկեր ոստիկանների հիշատակը և անցնել ժողովրդի կողմը։ Մինչ երթը շարժվում էր դեպի ոստիկանություն, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի էին ունենում անհնազանդության ակցիաները, քաղաքացիները փակում էին փողոցները։
Ռուսաստանն ակտիվ մասնակցում է Հայաստանի զինված ուժերի վերաձեւավորմանը, լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը Հայրենյաց պաշտպանի օրն այցելելել էր Հաղթանակի զբոսայգի եւ հարգանքի տուրք մատուցել անհայտ զինվորի հիշատակին ։ Նա նաեւ պատասխանել է հարցին, որ Ադրբեջանի խնդրանքով Ռուսաստանի պատմության դասագրքերում փոփոխություններ են կատարվել Արեւելյան Հայաստան ձեւակերպման մեջ: «Ես կարող եմ հիմնվել այն նույն աղբյուրների վրա, որոնք հրապարակվել են լրատվամիջոցներում», ասել է դեսպան Կոպիրկինը, նշել, որ այդ աղբյուրներին չի մեկնաբանի:
«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է», իր հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը: «Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չպաշտպանեց Արցախը»,- ասել է մեկնաբանը։ Սոլովյովը նշել է, որ իր տեսանկյունից՝ Փաշինյանը դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Ուղիղ տեսակապի ընթացքում ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն ասել է, որ հայերը դեռ կշարունակեին կռվել ու դիմադրել, եթե տեղ հասներ Փաշինյանի խոստացած օգնությունը։ Փորձագետը պնդել է, որ 2018-ից Հայաստանը ստացել է բավականաչափ զենք-զինամթերք, բայց Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել: Սոլովյովը ցույց է տվել փաստաթղթեր, ըստ որոնց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրա ենթակաները Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք են վաճառել:
Հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում եւ ձերբակալել կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Նա մեղադրվում է 2019-ին Թբիլիսիում հակառուսական ցույցի ժամանակ խորհրդարանի գրոհի կազմակերպման մեջ: Փետրվարի 17-ին դատարանի ընդունած կալանքի մասին որոշումից հետո Մելիան փակվել էր իր գրասենյակում, նրան պահպանող ընդդիմադիրները պնդում էին, որ Մելիային չեն հանձնի ոստիկանությանը: Հիշեցնենք, որ վարչապետ Գախարիան հինգշաբթի հրաժարական էր տվել Մելիայի հարցում իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով:
Վրացական ընդդիմությունը պատրաստվում է զանգվածային ցույցերի։ «Բողոքի ցույցերը կսկսվեն եւ կտեւեն այնքան ժամանակ, մինչեւ հասնենք արդյունքի՝ նոր ընտրությունների»,- ասել է ընդդիմադիրներից մեկը: Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն կոչ է արել մարդկանց ոտքի կանգնել եւ պայքարել իրենց երեխաների ապագայի համար։
Կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահերի թիվը հասել է 3977-ի։ Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է COVID-ով վարակվելու 166 նոր դեպք։
7 մարդ մահացել է, որոնցից 3-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամով ու կազմել 525.76 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.96 դրամով ու հասել 638.75 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.92 դրամով ու հասել 740.80 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 7.08 դրամ։
Փետրվարի 24-ի ցերեկը երկրի առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի վաղը եւ մյուս օրը կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երեւանում տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում գիշերը կլինի -2-ից -4, վաղը ցերեկը +7-ից +9։











