Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 24-ին, ընթանում է «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լեւոն Սարգսյանի եւ Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը:

Դատավարության սկզբում դատավորը ճշտեց գործով երկու ամբաստանյալների ինքնությունը: Լեւոն Սարգսյանին ուղղված հարցին՝ արդյոք ինքն ազգությամբ հա՞յ է, գործով ամբաստանյալը պատասխանեց՝ ազգությամբ՝ իտալացի:

Դատարանը հորդորեց, որ ամբաստանյալն առանց հեգնանքի պատասխանի հարցին։ Այնուհետեւ գործով ամբաստանյալն ասաց, որ հայ է եւ ամուսնացած է։

Նշենք, որ գործով կալանքի տակ է միայն Լեւոն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին պատգամավորը մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։

2019-ի նոյեմբերին Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել եւ տեղափոխվել է Հայաստան։