Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 24-ին, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լեւոն Սարգսյանի եւ Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստին գործով մեղադրող դատախազը հրապարակեց նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը հարցրեց գործով ամբաստանյալ Լեւոն Սարգսյանին՝ արդյոք հասկանալի՞ էր իր համար մեղադրանքը՝ Սարգսյանն ասաց՝ պարզ չի։

Դատարանն էլ ճշտող հարց ուղղեց՝ արդյոք ինքը հայերեն լեզվին տիրապետո՞ւմ է. «Այն մեղադրանքը, որը ներկայացվել է, հայերեն տեքստ է պարունակում, եթե տիրապետում եք, պետք է որ հասկանալի լինի։ Ո՞ր դրույթն է ձեզ համար անհասկանալի»։

Գործով ամբաստանյալը պատասխանեց. «Իմ համար անհասկանալի է՝ ինչի են էդ հոդվածը դրել»։

Դատարանի ճշտող հարցին՝ իր համար մեղադրանքի նկարագրությունը, փաստական կողմը հասկանալի՞ է, Լեւոն Սարգսյանն ասաց, որ պարզ էր։

Հարցին՝ արդյոք իրեն այդ մեղադրանքում մեղավոր ճանաչո՞ւմ է, Սարգսյանն ասաց՝ ոչ։

Դատարանը նույն հարցն ուղղեց նաեւ գործով մյուս ամբաստանյալ Սուրեն Ղազարյանին, նա պատասխանեց, որ մեղադրանքը չի ընդունում.

«Բովանդակությամբ պարզ է, էությամբ ոչ։ Ինչը լսում եմ՝ հասկանալի է, բայց մեղադրանքը չեմ ընդունում»։

Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը, որոշեց՝ հետազոտել քրեական գործում առկա ապացույցները, հրապարակել գործում առկա փաստաթղթերը, հարցաքննել գործով վկա Տիգրան Խաչատրյանին, տուժողներին եւ վերջում ամբաստանյալներին։     

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստին դատարանը կանցնի քրեական գործում առկա ապացույցների հրապարակմանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին։

Նշենք, որ այս գործով կալանքի տակ է միայն Լեւոն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին պատգամավորը մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։

2019-ի նոյեմբերին Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել եւ տեղափոխվել է Հայաստան։