Իմքայլականները վրդովված են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքից, որ ինքը չի պատասխանելու քաղաքական բնույթ կրող հարցերի, որովհետեւ հաշվետու չէ ԱԺ–ին։ Իշխող ուժի պատգամավորներն իրար հերթ չտալով՝ Վարդազարյանից հաշիվ են պահանջում իր այդ խոսքի համար, փոխարենը ԲԴԽ նախագահին հարցեր ուղղեն օրակարգի վերաբերյալ։ 

«Չգիտեմ՝ ինչպես եք Ձեզ իրավունք վերապահում չպատասխանել որեւէ պատգամավորի հարցի, եթե նույնիսկ այն կրկնվում է։ Երբ կավարտեմ հարցս, առաջարկում եմ Ձեզ այդ հարցին պատասխանել, որովհետեւ Դուք մասնագիտական քննարկման չեք մասնակցում, այլ քաղաքական թիվ մեկ ամբիոնի մոտ եք գտնվում։ Դուք Ձեր պահվածքով ստիպել եք մեզ մտածել, որ Դուք քաղաքականություն մտնլու հայտ եք ներկայացրել։ Հարցս հետեւյալն է՝ Ձեզ վնգստացող դատավորների շարքին եք դասո՞ւմ, թե հայրենիքին նվիրվածների»,– դիմելով ԲԴԽ նախագահին՝ հետաքրքրվեց իմքայլական Վաղարշակ Հակոբյանը։

«Ես ինձ դասում եմ հայրենիքին նվիրված, ազնիվ, պրոֆեսիոնալների շարքին, եւ ես ինձ չեմ դասում «պատերի տակ  վնգստացող դատավորների» շարքին»,– պատասխանեց ԲԴԽ նախագահը։

 Իսկ ո՞ւմ է Ռուբեն Վարդազարյանը համարում «վնգստացող դատավոր». շարունակեց հետաքրքրվել իմքայլականը։ ԲԴԽ նախագահը անուն չտվեց, բայց ընդունեց,  որ այդպիսիք կան։

«Համակարգում կան նաեւ վնգստացող դատավորներ եւ իմ կոչն ուղղված էր, որ այլեւս չունենանք վարչապետի ասած՝ «նախկին տերեր փնտրող, պատերի տակ վնգստացող դատավորներ»»։

Նշենք՝ ավելի վաղ «Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանը ԲԴԽ նախագահից հետաքրքրվել էր, թե «էլ ինչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ Ձեր նոյեմբերի 15–ին արված հայտարարությունը քաղաքական էր»։ Ի պատասխան ԲԴԽ նախագահն ասել էր, որ ԲԴԽ–ն, ԲԴԽ–ի նախագահը եւ դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ–ին, հետեւաբար ինքը պարտավորություն չունի պատասխանել քաղաքական բնույթի հարցերին։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նոյեմբերի 15–ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ ասվում էր.

«Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Հիշեցնենք նաեւ, որ «վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։