Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով «Եռաբլուր» պանթեոն այցելած պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դարձյալ խուսափել է պատասխանել լրագրողներին հարցերին, մասնավորապես նա գնահատական չի տվել Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների հայտարարությանը:

«Եռաբլուրում» լրագրողների հետ շփումից խուսափել է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նրան ուղղված հարցերից վրդովվել է  իմքայլական Անդրանիկ Քոչարյանը, որը սկսել է գոռգոռալ զինվորական պանթեոնում։

ԶՈՒ ԳՇ հայտարարությունը խուսափել է մեկնաբանել նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, միաժամանակ շեշտելով, որ զինվորական լինելով ինքը բանակի կողքին է, բանակի մեջ:

Վազգեն Սարգսյանի տարեդարձի առիթով  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Ազգային հերոսի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Հուշարձանը գտնվում է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում:  

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ պաշտպանների բողոքը. նա ազատ է արձակվել։ Նրան դատարանի բակում դիմավորել են ծափերով։ Հիշեցնենք, որ Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 4 մարդ, այդ թվում նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը։ Արամ Սարգսյանը դեռ կալանքի տակ է։

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա ասել է, որ Փաշինյանի վերջին առաջարկը չեն քննարկել: Արտահերթ ընտրությունների թեմայով Միքայել Մելքումյանն ասել է, թե երկիրը ճգնաժամի մեջ է եւ այն վաղ թե ուշ պետք է կարգավորվի:

ԲՀԿ-ն կհամաձայնի՞  որեւէ պարագայում հրաժարվել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ պայմանավորվածություններից.  Իվետա Տոնոյանը նշել է՝  այդ հարցով քննարկումներ չեն արել:

ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ կառավարություն-Զինված ուժեր հակամարտությունն ունի երկու հանգուցալուծում՝ կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքական գործիչը նշել է, որ այլ տարբերակ գոյություն չունի, և որոշողը դեռևս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է:

Վաղ առավոտյան ոստիկանությունը փշալարեր, զորք ու տեխնիկա է բերել Երևանի կենտրոն: Ականատեսները վկայել են, որ ոստիկանական ավտոբուսներն այնքան շատ են եղել, որ անգամ խցանում են առաջացրել և խանգարել երթևեկությանը։ Նրանք նաեւ փշալարեր են բերել։ Ինչ նպատակով է մայրաքաղաք բերվել այս ամենը, դեռ հայտնի չէ։

Լրատվամիջոցները ենթադրում են, որ այդ ամենը ընդդիմության՝ շաբաթ օրը նախատեսած հանրահավաքի առիթով է։ Հիշեցնենք, որ մարտի 6-ին, ժամը 15-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Շարժման ֆեյսբուքյան էջը նաեւ  տեսանյութ է տեղադրել:

Արցախում փրկարարները գտել են եւս 2 զոհված զինծառայողի մասունք: Նրանց ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Երկու 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Հերթական սադրիչ հայտարարությունն է արել Ադրբեջանի նախագահը։ Բաքուն, Անկարան եւ Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը, «Հայաստանը նույնպես կարող է դրանցից օգուտ ստանալ, եթե իրեն նորմալ պահի», ասել է Իլհամ Ալիեւը: «Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին հրավիրում ենք օգտվել Զանգեզուրի միջանցքից»,- հավելել է նա:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա, ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում անելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահն իր սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: «Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար», ասել է Նաղդալյանը։

Քաղաքացիները սգո արարողություն են կազմակերպել եւ ծաղկեպսակ դրել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի տան բակում։ Ակցիայի մասնակիցները հնչեցրել են սգո երաժշտություն, ծաղկեպսակի վրա նշել․ «Քաղաքական դիակ»։ Տեսանյութը տարածել  է «Mediaport» տելեգրամյան ալիքը։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173749-ի: Մեկ օրում մահացել է 9 վարակակիր, նրանցից 2-ի  մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 4037  է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.48 դրամով ու հասել  525.46 դրամի:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.89 դրամով ու կազմել 626.83 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.00 դրամով ու կազմել 726.19 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով  ու կազմել 7.03 դրամ:

Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -1-ից +1, վաղը ցերեկը +11-ից  +13։