Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման շարունակում է մնալ ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցը։ «Հայրենիքի փրկության շարժումը» ցույցերի հերթական դադարն է վերցրել, հանրապետության նախագահն էլ հանդիպումներ է նախաձեռնել ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղիների փնտրտուքով։ Արմեն Սարգսյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է շաբաթ՝ մարտի 13-ին. մի խումբ ցուցարարներ հավաքվել էին՝ խոչընդոտելու նրա մուտքը նախագահական։
Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Որպես լուծում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Բաղրամյան 26-ից Փաշինյանը հեռացել է նախագահականի ավտոտնակով՝ խուսափելու համար «Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկող ցուցարարներից: Ըստ ականատեսների՝ վարչապետի շարասյունը Անտառային փողոցով գաղտագողի ուղղվել է կառավարական ամառանոց: Մինչեւ այդ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր սկսվել, երբ ցուցարարները փորձում էին փակել նախագահականի հետնամուտքը:
Նույն օրը Արմեն Սարգսյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները քննարկել է նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:
Նույն բովանդակությունն ուներ Հանրապետության նախագահի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հադիպման մասին հաղորդագրությունը. իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
«Հայրենիքի փրկության շարժումը, որը նույնպես հրավիրված էր հանդիպման, չի գնացել, քանի որ չեն կատարվել՝ քննարկումն Ազգային ժողովում եւ ուղիղ հեռարձակմամբ անցկացնելու իրենց պայմանները։ Շարժման մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախագահի հետ չի հանդիպել, բայց վարչապետի՝ հանդիպելու հրավերն ընդունել է. Ծառուկյանը դեռ ուրբաթ էր հայտարարել, որ իր դիրքորոշումը չի փոխվել՝ հրաժարական եւ արտահերթ ընտրություններ։
Կիրակի Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոց է կանչել բոլոր Իմքայլականներին եւ Քաղպայմանագրի վարչության անդամներին։ Մամուլը հիշեցնում է, որ վերջին շրջանում նա հաճախ է իր թիմին հավաքում, ըստ երեւույթին՝ նրանց իր վերահսկողության տակ պահելու համար, քանի որ շատ լավ է հասկանում, որ ամենամեծ վտանգն իր պաշտոնավարմանը սպասվում է 80 պատգամավորներից, որոնք եթե միասնական որոշման հանգեն՝ նրան պաշտոնից հեռացնելը կարող է օրերի կամ ժամերի հարց դառնալ։
Հանգստյան օրերի սկանդալային պատմություններից մեկը վերաբերում էր Կապանի մոտ տեղակայված դիրքից տարածված տեսանյութին, որտեղ դիրքապահ կամավորականը պատմում է դիրքի անմխիթար պայմանների մասին։
Ավելի ուշ Գլխավոր դատախազի խորհրդականը հայտարարեց, որ տեսանյութի առնչությամբ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հենակետի պատասխանատուին` կամավորական Արտակ Հարությունյանին կանչել են ռազմական ոստիկանություն։
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Հարությունյանը բանավոր ներկայացրել է դիրքում առկա բոլոր խնդիրները։
Այս աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո համացանցում տարածվեց ևս մեկ տեսանյութ, որպես գեներալ ներկայացող, զինվորական համազգեստ հագած տղամարդը պնդում էր, որ այդ դիրքում որևէ խնդիր չկա։
Ավելի ուշ պարզվեց գեներալ ներկայացած անձ իրականում ակտիվ ՔՊ–ական է։
Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարցն արդեն 3-րդ անգամ բարձրացրել են ընդդիմադիր խմբակցությունները։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ ռազմական դրության ռեժիմի պահպանումը հետապնդում է միայն քաղաքական նպատակներ, իրավական խոչընդոտ ստեղծում վարչապետի հրաժարականի համար:
«Իմ քայլի» պատգամավորները ռազմական դրության ռեժիմի անհրաժեշտությունն այս անգամ փորձել են արդարացնել թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությամբ:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ 2016-ի քառօրյայից հետո Ադրբեջանը միշտ էլ վարժանքներ է անցկացրել, բայց Հայաստանում ոչ մի ռազմական դրություն չի մտցվել: Ռազմական դրությունը չեղարկելու նախաձեռնությունը հանձնաժողովը մերժել է։
Արցախի Պաշտպանության բանակը երկարատեւ ընդմիջումից հետո հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները։ Նրանց մեջ զգալի թիվ են կազմում 18-20 տարեկանները։ Բանակի պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 2432-ի:
Վերաքննիչ քրեական դատարանն բեկանել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով մեղադրվող Արամ Սարգսյանին կալանավորելու՝ առաջաին ատյանի դատարանի որոշումը, այն ճանաչելով ոչ իրավաչափ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնի ֆեյքի գործով ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին, հասարակական կազմակերպության մենեջեր Մհեր Ավագյանին եւ Արամ Սարգսյանին: Այս պահին բոլոր չորս «Գագիկ Սողոմոնյաններն» ազատության մեջ են։
Իշխանություններին քննադատելը թանկ է նստում ՄԻՊ–ի վրա։ Կառավարությունը կրճատում է օմբուդսմենի գրասենյակի ծախսերը, իսկ պատերազմից հետո նրան այլեւս չի հրավիրում կառավարության նիստերին։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը բացատրել է՝ երկար ժամաման Թաթոյանն աձամբ չի մասնակցել կառավարության նիստերին, այլ իր ներկայացուցչին է ուղարկել։ Նրա խոսքով՝ կառավարության նիստերի մասնակիցների կազմը փոխվել է, այդ ժամանակ էլ որոշել են, որ ՄԻՊ–ը դրսնց չի մասնակցի։ Ի պատասխան՝ Թաթոյանը հիշեցրել է՝ ինքը բացակայել է պատերազմից հետո ՄԻՊ–ի ավելացած ծանրաբեռնվածության, դիմումների շեշտակի աճի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր մշտապես այցելելու անհրաժեշտության պատճառով, նաև նկատել, որ կառավարության նիստին մասնակցելը ՄԻՊ–ի ոչ թե պարտականությունն է, այլ իրավունքը։ Նշենք, որ ֆինանսավորման կրճատման արդյունքում Հայաստանի օմբուդսմենի կարգավիճակը ևրոպական կառույցները A-ից իջեցրել են B-ի, այսինքն հավասարեցրել Ադրբեջանի նրա պաշտոնակցի կարգավիճակին։
Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը երեկ տեղափոխվել է Հայաստան: Նրա փաստաբան Արթուր Դաշյանը NEWS.am-ին հայտնել է, որ այսքան ժամանակ մեծ խնդիրներ հայկական կողմն էր առաջացնում, արդարադատության նախարարությունը 2018 թվականից մինչեւ 2020-ը խոչընդոտում էր նրա տեղափոխումը։ «Հետո կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ, ապա պատերազմ, եւ վերջապես այժմ հաջողվեց վերադարձնել Արմանին հայրենիք, որտեղ նա կշարունակի կրել իր պատիժը»,- ասել է փաստաբանը: Առաքելյանն արդեն 6 տարի պատիժը կրում էր Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգային հերոսների նկարները։
Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 317 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178702 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 3265 է:
Մարտի 14-ի երեկոյան, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել. 15-ամյա 5 պատանիներից երկուսը տեղում են մահացել, մյուս երկուսը՝ հիվանդանոցում։
Ռուսական գերբարձր հաճախականության հրետանային միջոցը կկարողանա խոցել անօդաչուները մինչեւ 20 կմ հեռավորության վրա: Ըստ փորձագետների՝ ռուս զինվորականների փորձարկած նորագույն զենքը կարող է դառնալ ամենաարդյունավետը անօդաչուների դեմ պայքարում: Տարբեր գնահատականներով՝ այդպիսի համալիրներ կհայտնվեն ռուսական բանակում 2025 թվականին, ընդ որում՝ դրանք կդառնան արդյունավետ զենք ընդդեմ ցանկացած անօդաչուի, քանի որ հզոր գերբարձր հաճախականության իմպուլսով դրոնը խոցելու հավանականությունը չի պահանջի բարձր ճշտություն: Մեծ արդյունավետություն ունեցող թուրքական Բայրաքթարներն անօգուտ են դառնում՝ ի տարբերություն «Պանցիր» ռուսական զենիթահրթիռային համալիրի:
Դաշնակցական գործիչներն այցելել են Սողոմոն Թեհլերյանի արձանին եւ հարգանքի տուրք մատուցել․ հիշեցնենք, որ 100 տարի առաջ այս օրը հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել էր Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր ոգեշնչող եւ կազմակերպիչ Թալեաթ փաշային։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով եւ կազմել 527.05 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.84 դրամով ու հասել 628.51 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.34 դրամով ու հասել 734.34 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել 7.21 դրամ:
Մարտի 16-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Օդի ջերմաստիճանը 2 օրում կբարձրանա 8-12 աստիճանով: Երևանում եւս սպասվում են կարճատև տեղումներ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 3-5, վաղը ցերեկը 14-16 աստիճան զրոյից բարձր։











