Քարոզարշավ տեղի չի ունենում, ընդամենը վարչապետի այցելություններն են տարբեր մարզեր, քաղաքներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ երկրում քարոզարշավ է տեղի ունենում, իսկ քաղաքացիներն առանց դիմակ են, սոցիալական հեռավորություն էլ չեն պահպանում։

«Թվերը սկսել են աճել մեկ ամիս առաջ, եւ դա պայմանավորված չի վարչապետի մարզեր այցելություններով։ Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը։ Այս ընթացքում առողջապահական համակարգն է վերակազմակերպվել։ Այս պահին 20 բուժհաստատություն ներգրավված է բուժօգնության պրոցեսի մեջ, պոլիկլինիկաներն իրենց ամբողջ թափով իրականացնում են իրենց առջեւ դրված գործառույթները»,- նշեց նա եւ հավելեց, որ այստեղ բնակչության զգոնությունը եւս շատ կարեւոր է։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ իշխանությունը հետ կանգնի ընտրությունների գնալու որոշումից, հաշվի առնելով՝ համավարակի տարածման առավել մտահոգիչ պատկերը, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Եկեք կանխատեսումներ չանենք։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք ըստ նախանշված օրակարգի։ Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել ընտրական պրոցեսը, ապա միգուցե նաեւ այդ քայլի գնանք»։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում օրական 1000-ից ավելի դեպքեր են գրանցվում, Զեյնալյանն ասաց. «Եթե դեպքերն աճի այնքան, եւ դրա արդյունքում վերլուծություն արվի, որ կառավարելի չի համաճարակը, այդ պահին կկայացվի համապատասխան որոշումը»։

Փաշինյանի այցելություններից լրագրողը լուսանկար ցույց տվեց Զեյնալյանին, որում երեւում է, որ ներկաներից որեւէ մեկը դիմակ չի կրում, Զեյնալյանն ասաց, որ իրենք բազմիցս հորդորել են եւ շարունակում են հորդորել բնակչությանը՝ կրել դիմակներ։

Հարցին՝ արդյոք այս դեպքում իշխանությունը պատասխանատվություն չի՞ կրում, Զեյնալյանն ասաց. «Իշխանությունը կրում է պատասխանատվություն։  Մենք բազմիցս այդ հորդորը հնչեցնում ենք»։