«Սուրմալու» տոնավաճառում գիշերը ժամը 3-ի սահմաններում բռնկված հրդեհը մարվել է այսօր առավոտյան ժամը 8.39 րոպեին:
Երեւան քաղաքի փրկարարաական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին հետհանգեցման աշխատանքներ են տարվում, ներգրավված են 4 միավոր հրշեջ տեխնիկա՝ իրենց անձնակազմով:
«Անելու աշխատանքներ համարյա չկան, փլված հատվածներում մանր-մունր փոքր ծխացող հատվածներ են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչը կարող է հրդեհի պատճառ եղած լինել, փոխգնդապետն արձագանքեց, որ ինքը նման հարցերի չի կարող պատասխանել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք։ Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել եւս 8 մարտկան հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Դեպքի վայրում է եղել գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:











