Պաշտպանության նախարարության մուտքերը փակելով, խոչընդոտվում է անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմը, իսկ ՊՆ–ն ամեն օր պետք է այն ռիթմով աշխատի, որպեսզի մենք կորցրած կարողությունները կարողանանք վերականգնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ՊՆ շենքի մուտքը նախօրեից ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների  հարազատների կողմից փակելուն։

«Հայաստանի ամեն մի քաղաքացին մեզ համար պետք է դիտվի որպես կարեւորագույն արժեք, որի հետեւից պետք է բոլորս գնանք եւ լուծենք այդ խնդիրը։ Բայց այնպես չէ, որ լուծումների ցանկությունը մեզ  բերելու է անմիջական արդյունքների, ինչո՞ւ,  որովհետեւ տեսնում եք՝ ինչ հետեւանք կարող է առաջացնել  երկրի ներսում այս խնդիրը, երբ ինչ–որ տեղ քաղաքական նրբերանգների մեջ է հայտնվում, բնականաբար, գայթակղությունը մեծ է լինում գործընթացների վրա ներազդելու  լավ համակարգ է հայտնվել Ադրբեջանի եւ Թուրքիայի  ղեկավարության ձեռքին։ Մենք  պետք է սառնասրտորեն մոտենանք այս հարցին, գիտակցելով, թե ինչ ցավ են ապրում գերիների հարազատները»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, թե ինչ–որ տեղից արտահոսք է եղել եւ ծնողները գնացել են ՊՆ–ի մոտ եւ նրանց լարվածության մեջ են պահում։

Լրագրողները հիշեցրեցին, որ գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարողներից մեկը եղել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Քոչարյանն  այս  հիշեցմանն ի պատասխան ասաց, թե գերիների հարցը խաղացնում են քաղաքական նպատակներով։