Հայ գերիների վերադարձը հայրենիք Ռուսաստանի ղեկավարության եւ ռուսական խաղաղապահ զորախմբի համար առաջնահերթ հարցերից մեկն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա պնդմամբ՝ համառ աշխատանք է տարվում:
«Կա որոշակի առաջընթաց, բազմիցս վերադարձվել են գերիներ, եւ այդ աշխատանքը շարունակվում է»,-ասաց դիվանագետը:
Դեսպանը վստահություն հայտնեց, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը: Ինչ վերաբերում է Բաքվի այն հայտարարությանը, թե գերիների հարցը լուծված է, Կոպիրկինը նշեց, որ իր համար դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի այդ հայտարարությունը:
Պատասխանելով ռուսական կողմի դիրքորոշման մասին հստակեցնող հարցին՝ դիվանագետն ընդգծեց, որ աշխատանքները շարունակում են, եւ ավելին չի կարող ասել:
Նշենք, որ 63 գերիների վերադարձից հետո որեւէ առաջընթաց չկա: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մոտ 200 մարդու:











