Երբ հայտնի դառնա, թե 1992 թվականին ինչպես է ազատագրվել Շուշին, ապա պարզ կդառնա նաև, որ նույն կերպ հակառակորդն  է հետ վերցրել Շուշին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ես նոյեմբերի 5-6-ին նախաձեռնել եմ Շուշին փրկելու օպերացիան, երբ որոշել ենք Չանախչի, Սղնախ գյուղերի մոտ կտրենք ճանապարհը, որ չկարողանան Շուշի անցնել, բայց տվյալ զորամասերը գիշերվա ժամը 2-ին հրաժարվել են մասնակցել: Դրա տեսաժապավենն էլ է ներկայացված, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են մասնակցել: Ամբողջը կա եւ ով է հրաժարվել, նաեւ պատճառը»,-ասաց նա:

Սամվել Բաբայանն անդրադարձավ հարցին, թե այդ ինչպես ստացվեց, որ Շուշին հանձնվեց. «Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել:

Քանի որ դուք ճիշտը չեք ասում, ասում եք՝ Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ։ Մենք նույն Չանախչի, Սղնախ գյուղում մենք դրել ենք մեր զորքերը, դրել ենք բազա, էդտեղից բարձրացել ենք Քիրս սարը, որը կախվում է դեպի Լիսագոր ու ճանապարհը փակում։ Իրենք մի քիչ ցածրով նույն գյուղերը վերցրել են, բազա են դրել, մտել են Լիսագորից մի կլիոմետր ցածր, փակել ճանապարհը: Դուրս են եկել այնտեղ, որտեղով իրենք փախել են ժամանակին: Իրենք եկել են, այդտեղ բազա են դրել, ճանապարհի բերանով ձգվել: Այդ ճանապարհի վրայի զոհերն էլ այդտեղից են եկել։ Սա է իրականությունը։

Մենք հենց սկզբից էլ Շուշի չենք գրավել։ Այն տանկը, որ դրված է, մենք մի մետր առաջ չենք գնացել։ Մեր զորքերը ամսի ութին՝ ժամը 12-ից 1-ը հետ են քաշվել բոլոր ուղղություններով։ Հիմա ոչ մեկը չի ասում, որ մենք հետ ենք քաշվել, չենք կարողացել պլանն իրականացնել, որովհետեւ իրենք չեն էլ հասկանում, որ  եղել են կրակ շեղողի դերում, թիկունքից է ամեն ինչը կատարվել: Եթե մարդիկ գեներալ են, չեն ուզում ճշմարտությունը պատմել։ Դեմ են տվել Շուշիում 500 հոգի զոհ տվել։ Դուք սկզբից Շուշին գնացել եք վերցրե՞լ, որ հիմա 500 հոգի տանում եք զոհ տալիս: Խի՞ չեք թիկունքը կտրել, որ 100 հոգի զոհ տլով կարող էիք հարցը լուծել»,- պատմեց Սամվել Բաբայանը։ 

Նա հավելեց, որ 28 տարի այդ գեներալները իրենք իրենց խաբել են, հավատացել են իրենց ստերին:

«44 օրում մի օպերացիա չեք մշակել, որ հակառակորդին հակադրեք, ձեր կամքը թելադրեք: Իմ առաջարկներին չեն ասել, որ համաձայն չեն, բայց չեն էլ կատարել»,-ասաց նա:

Երբ լրագրողները խնդրեցին անուններ տալ, Սամվել Բաբայանն ասաց. «Բանակը կոլխոզի ժողով չի, բանակն ունի հրամանատար: Երբ ասում են՝ այս հրամանատարին եկել են, կարգադրել են, սուտ է: Ջալալ Հարությունյանն ինքն է արգելել բոլորին շտաբ մտնել, ինքն էր հրամանատարը, ինքն էր որոշում: Ես առաջարկում եմ Ջալալ հարությունյանին հրավիրել հարցաքննության: Այն օպերացիաները, որոնց մասին ես հեռուստատեսությամբ ասել եմ՝ ինքը համաձայնվել է, բայց չեմ կարողանում կազմակերպել:

Կամ ասում են՝ եթե այս կամ այն հերոսը մասնակցեր, մենք հաղթանակներ կունենայինք, բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են, մի մասը Արցախի նախագահի միջոցով, մյուս մասը՝ Ջալալի»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե որոշ գեներալների թույլ չեն տվել բունկեր մտնել եւ այդ հրամանը Հայաստանից է եկել, Սամվել Բաբայանն ասաց. «Ի պաշտոնե ինձ չէին կարող արգելել մտնել բունկեր: Հին տղերքը նեղված են, որ ես կարող էի մտնել, իրենք չէին կարող: Իրենք պաշտոն չունեին, Ղարաբաղի հրամանատարն արգելել է իրենց, որ գան: Ասում են՝ Հայաստանից հրաման եկավ, որ ինձ չթողնեն: Հայաստանը ոչ մի հրաման այնտեղ չի տվել։ Շտաբը սկզբից ղեկավարել է Ջալալ Հարությունյանը, դրանից հետո Միշիկը։ Ոչ մեկն այնտեղ որևէ հարց չի կարող լուծել առանց այդ անձերի»: