Մինչև այսօր իշխանությունը չի կարողանում հստակ ասել, թե քանիսին են գերեվարված, քանիսն՝ անհետ կորած։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
«Տարբեր թվեր են հայտնվում, տարբեր ցուցակներ կան, և գերեվարված զինծառայողների հարազատները թյուրիմացության մեջ են։ Մարդիկ ընդամենն ուզում են մասնիկ գտնել իրենց որդուց, որը հանուն հայրենիքի իր կյանքն է տվել։ Այդ հարցն էլ չեն կարողանում լուծել։ Ես առաջին իսկ օրվանից անում եմ ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ ծնողներին իրենց զավակներին գտնելու հարցում։ Եթե կառավարությունը բավարար չափով աշխատեր, այսօր այս վիճակը չէր լինի»,- նշեց Թովմասյանը։
Արտակ Թովմասյանը, անդրադառնալով Արցախի խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը, որ գործող իշխանությունը թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, նշեց, որ Մուրադովը զինվորական է, իսկ զինվորականները երբեք չեն ստում․ «Նայեք, թե ինչ են ասում իշխանությունները և հետո ինչպես են հերքում իրենց ասածները։ Նրանք, իհարկե, ստում են»։
Արտակ Թովմասյանի կարծիքով՝ ընտրությունների ընթացքում իշխանությունը հնարավոր է կորոնավիրուսը որպես մահակ օգտագործի քարոզարշավները սահմանափակելու համար․ «Մենք տեսնում ենք՝ միակ արշավ անողները հիմա իրենք են»։
Արտակ Թովմասյանը չբացառեց, որ ապագայում «Երրորդ ուժը» դաշինք կկազմի որևէ քաղաքական ուժի հետ։
«Չենք կարող ասել, թե ում հետ։ Անում ենք շատ հանդիպումներ, բանակցություններ։ Կան շատ առողջ ուժեր, որոնց հետ մեր զարգացման ծրագրերը համընկնում են, կարող է և հանդես գանք»,- ավելացրեց Թովմասյանը։
Արտակ Թովմասյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ իշխանությունը հրաժարական տա մինչև ապրիլի 23-ի գիշերը․ «Մենք զբաղված ենք դրանով, որ մինչև ապրիլի 24-ը կառավարությունը հրաժարական տա»։











