Որպես հետպատերամզական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը, որը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից:

«Դուք, որպես վարչապետ, պետք է փորձեիք գոնե Ձեր թիմակիցներին սաստել»,-ասաց Գոռ Գևորգյանը և հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը ե՞րբ հասկացավ, որ մեր բանակը ի վիճակի չէ թուրք-ադրբեջանական զորքերի դեմ կռիվը շարունակել:

Գոռ Գեւորգյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Պուտինը նոյեմբերին հայտարարել է, որ դեռեւս հոկտեմբերի 19-ին ինքն առաջարկել է դադարեցնել պատերազմը՝ պահելով Շուշին եւ Արցախի նկատմամբ մեր վերահսկողությունը, եւ հայկական կողմը դա մերժել է:

Արձագանքելով՝ Նիկոլ  Փաշինյանը նշեց. «Եթե դուք ամաչում եք, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է: Ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում: Էդ ո՞նց եք եկել, էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ով՞ եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե դուք օգտագործում եք՝ «Ձեր թիմը», այդտեղ նստած հարց տալու իրավունքը չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ծափահարում են բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են Հայաստանի, Արցախի ապագային: «Եվ մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին, Ձեր էժան գործելակերպը դադարեցրեք, մի հատ հիշեք՝ որտեղից եք եկել, ոնց եք եկել, մի հատ արագ Ձեզ ինքնահայեցման ենթարկեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գոռ Գևորգյանը եղել է «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ պատերազմից հետո դուրս է եկել: