Դահլիճը ողջունեց վարչապետի այն խոսքը, որ Արցախում ապագա կա և դա շատ կարևոր է Արցախի և Հայաստանի ժողովուրդների համար։ Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ես ողջունեցի վարչապետի այն համոզմունքը, որ նույնիսկ այս իրավիճակում պետք է այնպես անել, որ Արցախն ապագա ունենա: Մենք բոլորս միասին պետք է այնպես անենք, որ Արցախում ժողովուրդը երաշխիք զգա, որ կարելի է ապրել և զարգանալ Արցախում»։
Հարցին, թե վարչապետի խոսքը պե՞տք էր արդյոք ծափահարություններով ամրագրել, պատգամավորը պատասխանեց, որ դահլիճում գտնվողները այդպես ճիշտ են համարել:
«Վարչապետն ընդամենը ասել է, որ Արցախում ապագա կա, եւ դա ոչ միայն խոսք էր այլեւ կա ծրագիր: Ոչ մի քաղաքական ուժ առանձին, ոչ մի անձ առանձին չի կարող ապահովել թե Արցախի, թե Հայաստանի ապագան․ դա կլինի միայն այն ժամանակ, եթե դա դառնա հայության միասնական օրակարգը։ Եթե դա դառնա մեր օրակարգը, մենք կհաջողենք: Եվ ինձ համար ինչքան ցավալի է պատերազմի հետեւանքները, ոչ պակաս ցավալի է այն մի քանի ամիսը, որ մենք կորցրեցինք պատերազմից հետո: Փոխարենը բոլոր քաղաքական ուժերը գտնեին այն օրակարգը, անկախ այն բանից՝ ով է իրեն տեսնում վարչապետ, կամ չի տեսնում վարչապետ, պատգամավոր կամ ոչ պատգամավոր: Ամենակարեւորը որ կա մի նախադասություն, որը պետք է ընդունելի լինի բոլորի համար եւ այստեղից դուրս եկած մեսիջը դառնում է ամբողջ աշխարհի հայության մեսիջը եւ եթե դառնում է մեր հայության օրակարգը, մենք կհաջողենք: Օրինակ, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, դուք ուզում եք լինել վարչապետ, դա ձեր գործն է, ես ոչ կարող եմ ողջունել, ոչ կարող եմ մերժել ձեր ցանկությունը, ժողովուրդը դա կորոշի: Բայց ես հարց եմ տալիս, ԼՂ դեօկուպացիայի հարցը, եթե համաձայնության է բերվում բոլոր ուժերի կողմից, անկախ այն բանից` ընտրություններ կլինեն, թե չեն լինի, դեօկուպացիայի հարցի շուրջ համաձայնությունն է, հետո հաջորդ հարցը Շուշին, այդ հարցերը գրենք եւ ասենք, թե այս իրավիճակում ինչ կարելի է փրկել, այստեղ եմ տեսնում իմ առաքելությունը»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե այդ հարցերը չլինեն օրակարգային, չենք կարող փրկել ոչ միայն Արցախը, այլեւ` Հայաստանը:











