Ես արել եմ այն, ինչ արել եմ, բայց հիմա գտնվում եմ ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր եւ

ուզում եմ խմբակցությունից իմ դուրս գալու հարցը մեկընդմիշտ փակվի եւ այլեւս չշահարկվի:

«Ես խորհրդարան եկել եմ «Իմ քայլը»–ի ընտրացուցակով եւ ուզում եմ մի բան ասել․ առաջին ընտրական ցուցակում ներկայացված են եղել մի խումբ թեկնածուներ, որոնցից մեկը ես եմ եւ ի տարբերություն ինձ, ով կուսակցական երբեւէ չի եղել, ես այդ նույն ընտրատարածքում ավելի շատ ձայն եմ հավաքել, քան հնաբնակները»,- ասաց Գոռ Գեւորգյանը:

Պատգամավորը նաեւ ընդգծեց, թե չի հասկանում, թե ինչու են այդ հարցի շրջանակներում այդքան լայն քննարկումներ ծավալվում:

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ կա հանդուրժողականություն, հարգանք, եւ ուզում եմ հասկանալ մի՞թե իմ խմբակցությունից դուրս գալը, կամ մյուս պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալն ամենամեծ բեռն է եւ ծանրագույն ողբերգությունը, որի շուրջ այսքան քննարկումներ են ծավալվում»,- նշեց նա:

Գոռ Գեւորգյանն անդրադարձավ հանգամանքին, ԱԺ պատգամավորները հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին վերջինիս ելույթի ժամանակ։ Պատգամավորն ընդգծեց՝ հոտնկայս ծափահարությունները նման իրավիճակում առնվազն անընդունելի են:

«Ես իմ հայտարարություններում որեւէ մեկին չեմ ցանկացել թիրախավորել, երբ ասել եմ՝ «ձեր թիմը»: Խոսքը վերաբերում էր այն գործընկերներին, որոնց հետ ես այլեւս նույն խմբակցության մեջ չեմ եւ նրանց, որոնք իմ պատկերացմամբ ոչ տեղի արձագանքեցին ծափահարություններով, այն էլ հոտընկայս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ դահլիճում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատասխանում Գոռ Գեւորգյանի հարցերին՝ հավելելով. «Երբ ասում եք «ձեր թիմը», դուք ինչպե՞ս եք հայտնվել այստեղ»: