Հանրապետության վարչապետը ներկայացրեց շատ կարևորը տեղեկատվություն իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի պատասխանին Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովից հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա անդրադարձել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Գրասենյակը ինչ-որ հայտարարություն է տարածել, բայց Փաշինյանը տեղեկատվություն տարածեց։ Հանրապետության վարչապետը ներկայացրեց շատ կարևոր տեղեկատվություն իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին։ Դրանք շատ կարևոր են, երբ բոլոր դետալները համադրեք, պարզ կլինի, թե մենք որտեղից ուր ենք հասել»,- նշեց նա։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի անդրադարձին Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ծափահարությունների արժանացած ելույթին, Քոչարյանը պատասխանեց․ «Մենք պետք է շարժվենք ապագայի տրամաբանությամբ․ Ռոբերտ Քոչարյանը դա չի հասկանա, ոչ էլ նրա գրասենյակը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»; Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»: Դրան ի պատասխան առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, որ նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին:

Ավելացնենք նաև, որ այսօր Փաշինյանի՝ ծափահարությունների արժանացած ելույթի վերաբերյալ արձագանքել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ նշելով՝ «Միակ զգացողությունը, որն առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն է»։