Թուրք ինժեներների կողմից մշակված «օդ-օդ» դասի Bozdoğan հրթիռը 2022թ․ կհամալրի Թուրքիայի զինված ուժերի գույքը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:
Հրթիռը մշակել է թուրքական TÜBİTAK SAGE ընկերությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ F-16-ից արձակված հրթիռները ճշգրտորեն խոցել են թիրախը:
Թուրքիային հաջողվել է ներառվել այն ոչ շատ երկրների շարքում, որոնք «օդ-օդ» դասի հրթիռների տեխնոլոգիա ունեն, Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ «օդ-օդ» դասի Bozdoğan հրթիռը առաջին իսկ արձակումից ճշգրտորեն խոցել է նշանակետը:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ հրթիռը մշակվել է երիտասարդ կոնստրուկտորների եւ ինժեներների կողմից՝ GÖKTUĞ նախագծի շրջանակներում: Երկրի ղեկավարը հրապարակել է նաեւ հրթիռով թիրախին հարվածելու տեսանյութ:
Ռադարների տվյալները ցույց են տալիս, թե ինչպես է F-16-ից արձակված հրթիռը շարժվում դեպի թիրախը` ŞİMŞEK ինքնաթիռը: Bozdoğan-ը ճշգրիտ հարվածում է թիրախին: Այդ պահին հնչում է «splash» բառը, ինչը ռազմական տերմինաբանությամբ նշանակում է «խոցել թշնամու ինքնաթիռը»:
ŞİMŞEK-ը մշակվել է TUSAŞ ընկերության կողմից՝ Bozdoğan եւ Gökdoğan հրթիռների սերտիֆիկացիոն փորձարկումներում օգտագործելու համար:











