Մարտի 1-ին արված հայտարարությունը, որ Օնիկ Գասպարյանը եւ ԳՇ գեներալները՝ 44 մարդ, նրանք Սերժ Սարգսյանի հրահանգով են արեն հայտնի հայտարարությունը, ոչ մի ապացույց դրան չի ներկայացվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը դրան արձագանքել է, որ հանիրավի վարչապետը մեղադրում է մարդկանց, այն էլ այն ժամանակ, երբ այդ մարդու հետ էլ ճանապարհ չկա անցնելու:
«Ոնց եղավ, որ հենց իրարից բաժանվում եք, սկսում եք իրար մասին ասել բաներ, որոնց վերաբերյալ հանրությունը որեւէ ապացույց չունի»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռաջարկին, գնալ եւ ծանոթանալ ԱԽ նիստի նյութերին ու ձայնագրություններին՝ համոզվելու համար, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի սկզբին ԱԽ նիստում չի ասել, որ պետք է անհապաղ պատերազմը կանգնեցնել, որովհետեւ մենք համարժեք ռեսուրս չունենք, Մարուքյանն ասաց. «Ես առաջարկել եմ հրապարակել դա: Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետեւ դրա իրավունք ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ կարող դրանից հետո հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետեւաբար, ինքն էլ պետք է ապացուցի հրապարակայնորեն, որ ինքն է ճիշտ ասել, ոչ թե Օնիկ Գասպարյանը»:
Մարուքյանը հայտարարեց, որ ճշմարտությունը բացահայտելու համար պետք է անաչառ քննություն տեղի ունենա, դր համար իրենք առաջարկել են պարիտետային հանձնաժողով ստեղծել:
«Ընդ որում՝ նաեւ ասում էր՝ կհրապարակեմ ապացույցներ, որ Սերժ Սարգսյանն է հրահանգել Օնիկ Գասպարյանին ու գեներալներին՝ հայտարարություն տարածել, թող դա էլ հրապարակի»,-ասաց Մարուքյանը, ապա շարունակեց, թե ինքն այլ տեղեկություններ ունի։
«Իմ իմանալով՝ եղել է հետևյալ պատմությունը՝ երբ երկրում ստեղծվել են ներքաղաքական ցնցումներ, ԳՇ պետը սկսել է հանդիպումներ տարբեր ուժերի հետ, այդ թվում ինձ հետ է հանդիպել, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ է հանդիպել, վարչապետը դրանից տեղյակ է եղել: Հետո ասել՝ եթե դու հանդիպել ես, ուրեմն՝ նրանց հետ համագործակցում ես, ուզում եք ռազմական հեղաշրջում անել, դա լուրջ չէ»,- ասաց Մարուքյանը:











