Ապրիլի 3-ն էր, երբ Եղվարդի մի բնակիչ դիմեց ոստիկանության Նաիրիի բաժին: Նա հայտնում էր, որ մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեղեկություն էր տարածել, որ վաճառում է իր խոշոր եղջերավոր անասունը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 12-ին եղվարդցուն էր զանգել մի տղամարդ: Սակարկելուց և գինը որոշելուց հետո նա պատրաստակամություն էր հայտնել գնել ցլիկը՝ մորթած վիճակում:
Տաքսիով գնացել էր Եղվարդ և 180 կիլոգրամ միսը մեքենայում տեղավորելուց հետո խոստացել էր, որ մեկ ժամից կտա փողը ու հեռացել էր: Գարիկ ներկայացած տղամարդը, սակայն, մինչ օրս փողը չի տվել` բերելով տարբեր պատճառաբանություններ:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզներն անցան գործի: Նախ պարզվեց, որ միսը տարած 30-ամյա երևանցի տղամարդու անունը բոլորովին էլ Գարիկ չէ: Անձն ու բնակության վայրը ճշտելուց հետո ոստիկանները ձեռք բերեցին ապացույցներ, որ նա ի սկզբանե մտադիր չէր վճարել մսի համար:
Անհաջող գործարքից մեկ ամիս անց՝ ապրիլի 12-ին, երևանցին բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ խոստովանեց, որ եղվարդցու վստահությունը չարաշահել է և խաբեությամբ հափշտակել 180 կիլոգրամ միսը` նրան պատճառելով 432 հազար դրամի վնաս:
Կատարվում է քննություն:











