Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի փողոցներից մեկում գոյացել է 200 մետրանոց ջրափոս, ինչի պատճառով վարորդները խնդիրների են բախվում։ Այս մասին հայտնեց NEWS.am-ին ահազանգած քաղաքացին։
«Մեքենաները մնում են ջրի մեջ, չեն կարողանում առաջ շարժվել, ստիպված գյուղացիները ոտաբոբիկ մտնում են ջրի մեջ ու մեքենան առաջ տանում։ Մեկ այլ խնդիր է, որ փողոցը լուսավորություն չունի ու գիշերվա ժամերին ջրափոսն ավելի մեծ վտանգ է ներկայացնում»,- նշեց քաղաքացին։
Ջրափոսի պատճառով գյուղացիները ունենում են ֆինանսական վնասներ։
«Ունեցել եմ 200 հազար դրամի կորուստ, քանի որ մեքենայի անվադողերը պայթում են ջրափոսի մեջ։ Հաճախ շատ մեքենաների համարանիշներ կորում են ջրի մեջ։ Երբեմն էլ՝ հորդառատ անձրևներից հետո, ջրափոսն այնքան բարձր է լինում, որ ջուրը մեքենայի մեջ է լցվում»,- պատմեց քաղաքացին։
Բնակչի խոսքով՝ փոսի ջրահեռացման համար գյուղացիները դիմել են Բյուրեղավանի համայնքապետարանին, սակայն արձագանք չեն ստացել։











