Հայաստանը պետք է երկպալատ խորհրդարանական համակարգ ունենա: Այս մասին ապրիլի 16-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Այս մասին, ըստ նրա, երկար ժամանակ է խոսվում եւ շատ շատերի կողմից, ուստի գաղափարն իրենը չէ:

«Ենթադրենք, բացի այս պալատից, մենք կունենանք վերին պալատ, որը բաղկացած կլինի հարյուր մարդուց: Այդ ներկայացուցիչների կեսը լինելու են Հայաստանից եւ Ղարաբաղից, իսկ մյուս կեսը՝ ամբողջ աշխարհից, այսինքն՝ մեր սփյուռքի ներկայացուցիչներից: Նրանք կհավաքվեն տարին մեկ անգամ  եւ որոշակի գործառույթներ կիրականացնեն »,- ասաց պատգամավորը: 

Իրավաբանների դիտողությունն այն մասին, որ գաղափարն ինքնին հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքին, Աղազարյանին չի վախեցնում: Նա առաջարկում է ստեղծել հանրային խորհուրդ եւ աստիճանաբար լուծել առկա բոլոր խնդիրները՝մեծացնելով դրա կարեւորությունն ու հեղինակությունը:

«Թերեւս՝ այնքանով, որքանով մեզ թույլ է տալիս Սահմանադրությունն ու, այսպես կոչված, միջազգային իրավունքը»,- ամփոփեց խորհրդարանականը: