Վստահ եմ՝ հիմնավոր փաստեր ու ապացույցներ կան ԲԴԽ նախագահի կողմից առերեւույթ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելուն։
«Իհարկե, կարող են հիմնավոր կասկածներ առաջանալ, որ այս ամենը գուցե քաղաքական նպատակներով է արվում եւ այլն, բայց իշխանությունն այսօր այդպիսի ռեսուրս չունի, եւ չի էլ ուզում ունենա, որ ինքը ներազդի դատական պրոցեսների վրա։ Ինքը հիմնովին ավիրել է այդ գործիքակազմը, որը թույլ է տալիս ապօրինի միջամտել դատական իշխանությանը, եւ ինքը չի կարող միջամտել եւ չի էլ միջամտում։ Հետեւաբար, ԲԴԽ նախագահին անհիմն մեղադրանք առաջադրելը ժամերի ընթացքում կփլուզվի, որովհետեւ Հայաստանում քրեական դատավարության մեջ պաշտպանական ինստիտուտն այնքան է զարգացել, եւ բազմիցս առաջ անցել մեղադրող կողմին, եւ դա տեսնում ենք ենք ամեն օր, երբ մարդիկ դուրս են գալիս դատարանից՝ ակնհայտ իմանալով, որ նրանք հանցագործություն են կատարել։ Եվ ԲԴԽ նախագահը լուրջ գիտելիքներ ունի այս ոլորտում, եւ որեւէ մեկը չի կարող նրան ապօրինի մեղադրանք առաջադրել»,– ասաց «Իմ քայլի» պատգամավորը։
Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նրա լիազորությունները կասեցվել են։ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարում է Գագիկ Ջհանգիրյանը։ Մամուլը վերջին շրջանում պարբերաբար գրում էր, որ իշխանություններն ուզում են ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնել Ռուբեն Վարդազարյանին, եւ այդ պաշտոնում կարգել Գագիկ Ջհանգիրյանին եւ ուղիներ են փնտրում դա անելու համար։ Վարդազարյանն էլ պնդում էր, որ որեւէ դեպքում հրաժարական չի տալու։ Եվ ահա, իշխանություններին հաջողվեց քրեական գործ հարուցել եւ կասեցնել նրա լիազորությունները։











