Բոլորս ենք մեղավոր քաղաքական այս իրավիճակի համար։ Այս մասին NEWS.am հետ զրույցում ասաց «Ազգ, բանակ, հայրենիք» նորաստեղծ կուսակցության ղեկավար Ռուբեն Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե շուրջ 90 կուսակցություն կա Հայաստանում, ինչու՞ նորը ստեղծեցիք։
«Եթե մենք քաղաքական, ազգային ուժեղ դաշտ ունենայինք, ապա այսօրվա այլասերված վիճակը չէինք ունենա։ Բավական երկար ժամանակ լինելով ԱԺ պատգամավոր, իմ ամբիոնը եղել է հայրենասիրական խոսքի ամբիոն։ Առաջին իսկ օրից ազգ-բանակ-հայրենիքի գաղափարն իմ ելույթների հիմքում է եղել, որը փոքր ազգերի փրկության համար մեկ նախապայմանն է»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ երբեք կուսակցություն ստեղծելու նպատակ չի ունեցել, սակայն կարևորելով ու չտեսնելով նաև քաղաքական գործընթացների հիմքում ազգայինը, որոշել է կուսակցություն հիմնել։ «Դա 90 կուսակցություններից մեկը չի լինելու։ Առաջինն է լինելու իր սկզբունքներով ու գաղափարախոսությամբ»։
Ըստ Գևորգյանի, իր կուսակցությունն ընտրություններին մասնակցելու բոլորովին խնդիր չունի։
«Այն կուսակցությունը, որի ներքո այլասերվեց ողջ երկիրը, կորցրեցինք հայրենիքը, որը պիտի ապահովի խորհրդարանը, չեմ կարծում, որ այսօր ստեղծված ազգային կուսակցությունը հապճեպ, արագ պիտի մասնակցի այդ ընտրություններին»,- նկատեց նախկին պատգամավորը՝ հավելելով, որ նախորդ ընտրություններում էլ կարող էր լինել պատգամավոր, սակայն նախընտրեց մաս չկազմել այն խորհրդարանին, որն այսօր կա։ Չնայած այս հանգամանքին Գևորգյանը վստահ է, որ ինքն կարող նվազագույնը 6-8 տոկոսի շեմը հաղթահարել։ Նրա դիտարկմամբ, այսօր իշխանությունն իրեն լկտի է պահում և թշնամաբար է վերաբերվում երկրին։
Մյուս հարցերի պատասխանը՝ տեսանյութում։











