Էջմիածնի Արարատյան փողոցի եռահարկ շենքերից մեկի հին պատշգամբները փոխարինվել են դեղին, հատուկ տեխնոլոգիաներով մշակված փայտով։ Մտահղացման հեղինակը Էջմիածնի ավագանու անդամ Ներսես Մելիքյանն է։ Նախագիծն իրականացնվել է նրա և ավագանու մի քանի այլ անդամների միջոցներով։
«Սա շարունակություն է ունենալու, որովհետև նպատակ ունենք քաղաքին հին էլեմենտներ տալով՝ նոր շունչ հաղորդել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ներսես Մելիքյանը։
Նոր պատշգամբների վրա ծախսվել է 1 միլիոն յոթ հարյուր հազար դրամ։ Պատշգամբները զարդարող արհեստական ծաղիկներն էլ քաղաքապետարանի նվերն են։
«Սկզբում ցանկանում էինք բնական ծաղիկներ տնկել, բայց բնակարաններ կան, որոնք բնակեցված չեն, և, բնականաբար, ծաղիկները կթոշնեին»,- նշեց Ներսես Մելիքյանը։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ փոփոխություններին գավառական և անճաշակ մոտեցում է ցուցաբերվել։ Ցանկացած քաղաքում, առավել ևս պատմական կարեւոր նշանակություն ունեցող հոգեւոր կենտրոն Էջմիածնում՝ ամենափոքր միջամտությունների դեպքում անգամ, պետք է խորհրդակցել մասնագետի հետ, քաղաքի տեսքը չի կարող կախված լինել մեկ կամ մի քանի մարդու։
«Դա արդարացվում է նրանով, որ ներդրումն են արել։ Դա ես ընդհանրապես չեմ հասկանում։ Ուրեմն՝ եթե ներդրում է արվել , դա տգեղ բան է, դա արդեն արդարացվո՞ւմ է։ Ինձ թվում է հակառակը, հիմա այնքան ներդրում անելու տեղ կա, որ պետք է անել հենց այդ տեղերում», -ընդգծեց վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։
NEWS.am-ի հարցմանը մասնակցած էջմիածնեցիները հիմնականում գոհ են նոր պատշգամբներից։ Շատերը ցանկանում են նման փոփոխություններ տեսնել նաև քաղաքի ծայրամասային հատվածներում։











