ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը: Այս մասին ասյօր` Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով»,-ասաց նա:
Անրդրադառնալով անվտանգության հետ կապված խնդիրներին` Փաշինյանն ասաց. «Եվ ես այս առումով ուզում եմ նաև անդրադառնալ մեր անվտանգության խնդիրներին, որովհետև շատ է հարց հնչում, թե ի վերջո Հայաստանի և Արցախի անվտանգությունն ինչ համակարգով պետք է պահպանվի: Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:
Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հետևյալ հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը:
Իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս»:











