NEWS.am–ը զրուցել է գրող, հրապարակախոս, քաղաքագետ Դավիթ Վանյանի հետ։
Պատերազմից հետո շատերը կարծում էին, թե ժողովուրդը շոկի մեջ է, ասում էին՝ շուտով մարդիկ դուրս կգան թմբիրից, ոտքի կկանգնեն ու այս իշխանություններին կհեռացնեն։ Ի՞նչն է պատճառը, որ ժողովրդի լայն հատված այդպես էլ չարթնացավ և համակերպվեց եղածի հետ։
Պարտությունը պարզապես մեր ժողովրդին թևաթափ արեց, կոտրեց նրա մեջքը, մանավանդ, որ մարդիկ 44 օր հավատում էին, որ հաղթելու ենք, սակայն հանկարծ պարզեցին, որ պարտված ենք։ Ես դա համարում եմ արհեստական վիժեցում, այսինքն հայ ժողովրդի առողջ ինքնության զավակին քերեցին, հանեցին, ինչը շոկ է։ Մենք հետշոկային իրավիճակում ենք և սրանից հեշտ դուրս գալ հնարավոր չէ։ Կոտրվել է մի ամբողջ համակարգ, որ ձևավորվել է դարերով, տարիներով։ Դրա համար մենք պիտի կարողանանք գտնել այն եզրերը, որոնց շուրջ հնարավոր կլինի սոսնձել և մոտեցնել պայթած երկրի բեկորները։ Սա որոշակի ժամանակ է պահանջելու, միանգամից հնարավոր չի լինելու ժողովրդին այս վիճակից հանել։
Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում և Արցախում ապագա կա և նրան հոտնկայս ծափահարեցին։ Ըստ ձեզ՝ Փաշինյանի հետ Հայաստանը, առավել ևս Արցախը կարո՞ղ է որևէ հեռանկար ունենալ։
Այդ ելույթը կիսախելագար մարդու հոգեբանական աուտոտրենինգի փորձ էր։ Նիկոլ Փաշինյանը դա մեզ չէր ասում, այլ ինքն իրեն էր համոզում։ Նա նշանաբանի պես անընդհատ կրկնում էր այդ խոսքը, բայց իրենք էլ գիտեն, որ իրենց հետ ապագա չկա։ Իրենք հայտնվել են մի իրավիճակում, որտեղից իրականում ելք չեն տեսնում։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով կարծես թե նոր պատերազմ է մոգոնում։ Նրա բանաստեղծական տողերը Ալիևի հասցեին, մեղադրանքները և այլն ցույց են տալիս, որ Նիկոլը պատրաստում է նոր պատերազմի՝ նոր բան տալու համար։
Կարծիքներ կան, որ Փաշինյանն իր ելույթներով իրականում փորձում է վստահություն ներշնչել իր թիմի անդամներին, որպեսզի նրանք չվախենան իրենց կարծիքն արտահայտելուց։ Ի՞նչ եք կարծում, եթե ընտրությունները կայանան, Փաշինյանի թիմակիցներին կհաջողվի՞ հանգիստ շրջել երկրում և քարոզարշավ իրականացնել։
Մեր երկրի ղեկն իրենց ձեռքն են վերցրել օտարերկրյա ազդեցություն կրող մարդիկ՝ գործակալներ, ինչը Հայաստանի համար շատ վտանգավոր է։ Այդ մարդիկ առաջադրանքներ ունեն և գործում են որոշակի պարադիրում։ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների՝ Հովիկ Աղազարյանի, Լենա Նազարյանի և մյուսների հայտարարությունները շաղկապված են։ Նրանք օգտագործում են Թուրքիայի հետ բարեկամության, սահմանները բացելու, տնտեսական առաջընթացի նոր թեզը, որպեսզի վերընտրվեն։ Իրենք հույս ունեն, որ պարտված ժողովուրդը «ստոկհոլմյան սինդրոմի» ազդեցության տակ ստիպված կլինի համախմբվել այն գաղափարի շուրջ, որ միայն կռանալով, կրավորական կեցվածքով հնարավոր կլինի դուրս գալ այս վիճակից։ Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավին, ապա ես չեմ հավատում, որ կլինեն ընտրություններ։ Հնարավոր է, որ սխալվեմ, բայց ես չեմ կարծում, որ այդ 82 պատգամավորներն այնքան հիմար են, որ 14 օրվա մեջ մեկ ուրիշ թեկնածու չառաջադրեն և չընտրեն մեկ ուրիշին, որովհետև իրենք էլ լավ գիտեն, որ ապագա չունեն։ Նիկոլը չի կարող վերահսկել այդ ընթացքը, նա 25-30 տոկոսից ավելի ձայն չի կարող հավաքել, իսկ այդ դեպքում քիչ թվով պատգամավորներ կանցնեն խորհրդարան, մի մասը կզրկվի աշխատանքից, պաշտպանությունից զուրկ կլինի, ենթակա կլինի քրեական, դատական հետապնդումների։ Կարծում եմ, որ ամեն ինչ կգնա այդ հունով։ Իսկ եթե, այնուամենայնիվ ընտրությունները կայանան, ստիպված կլինենք ամենքս ոտքի կանգնել, մարդկանց հորդորել, բացատրել, հասկացնել, որ այս վիճակից դուրս գալու միակ ելքը տանուլ տված, պարտված թիմին հեռացնելն է։
Մինչ Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է, տարածաշրջանում լուրջ զարգացումներ են տեղի ունենում։ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվորեն սկսել են շրջանառել Հայաստանի վերաբերյալ նոր քարտեզներ, որտեղ Ադրբեջանին տարածքներ են զիջված անգամ Տավուշի մարզից։ Խոսվում է խաղաղության պայմանագիր կնքելու մասին և այլն։ Ըստ ձեզ՝ արդյոք այսօր մեր ժողովուրդը գիտակցում է այս մարտահրավերների լրջությունը։
Ժողովուրդն իր արգանդում ունի ազգ հասկացությունը։ Ազգն է, որ պիտի վեր կենա և այս ամենին դիմակայի։ Չի կարելի հասարակ ժողովրդին մեղադրել նրա համար, որ ուզում է երջանիկ ապրել, չմտածել երկրի խնդիրների մասին։ Հասարակ մարդու համար կարևորն իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելն է։ Միայն առողջ հասարակության դեպքում կարող են մարդիկ մտածել առողջացման մասին։ Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն առողջացման ընթացքի մեջ է։
Իսկ մտավախություն չունե՞ք, որ մարդիկ կսկսեն հարմարվել այս իրավիճակին։ Այս օրերին մարզային այցերի ժամանակ Փաշինյանին դիմավորում են աղուհացով, համայնքապետեր կան, որոնք կամաց–կամաց հետքայլ են անում, քանի որ լավ գիտակցում են, որ կարող են զրկվել իրենց աթոռներից։ Որոշ սկզբունքային մարդկանց այս իշխանությունները փորձում են կոտրել, ինչը կարծես թե ստացվում է։
Գյուղական շրջանների կամ փոքր քաղաքների էիտան հիմնականում նույն մարդիկ են, որոնք փոխում են իրենց ճամբարը, երբ իշխանության են գալիս նոր մարդիկ և այդ իներցիայի տակ իրենք կարող են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Սակայն ինչ էլ լինի, կարծում եմ այս ընտրությունները ցույց կտան, որ մեր ժողովուրդն, այնուամենայնիվ ունակ է մտածելու, ենթադրություններ և եզրահանգումներ անելու։ Ես չեմ կարծում, որ այս ընտրությունները կավարտվեն Նիկոլի հաղթանակով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։











