Ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Մասնավորապես, երկկողմանի փակվելու է Հաղթանակի կամրջից մինչեւ Լենինգրադյան փողոց հատվածը, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը: Ոստիկանությունը անպայման կտեղեկացնի փակված ճանապարհների մասին:
Ապրիլի 24-ին առավոտյան 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանակավորապես կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների արցելությունների հետ կապված»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այդ օրը երկու անվճար երթուղի է գործելու. «Համար 1 երթուղին՝ Հրազդան մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց-Իտալիայի փողոցի-Խորենացու փողոց-Ագանթանգեղոսի փողոց-մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան: Համար 2-րդ երթուղին՝ Հրազդան մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան փողոց-Կիեւյան փողոց-մետրոյի «Բարեկամություն» կայարան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մետրոպոլիտենը ապրիլի 24-ին գործելու է մինչեւ գիշերը ժամը 1-ը:











