Նախագահը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ չի ստորագրելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ընդ որում հիմնավորումներ է ներկայացրել, որոնք իմ կարծիքով անհիմն են եւ ոչ կառուցողական: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե նախագահը չի ստորագրում, ապա Սահմանադրությունը նախատեսում է, որ 21 օր հետո ԱԺ նախագահը օրենքը ստորագրի, այն ուժի մեջ կմտնի եւ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները կկայանան այդ փոփոխությամբ:
Դանիելյանը նկատեց, որ իրենք Ընտրական օրենսգրքի նախագծից առանձնացրել են ռեյտինգային ընտրակարգը վերացնելու հատվածը եւ այն ընդունել են, քանի որ հասկանում էին, որ ռիսկ կա, որ նախագահը կարող է չստորագրել:
Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությունը եւ բերված հիմնավորումներին, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Այնտեղ մի քանի կետեր կային, օրինակ, ասվում է, որ նախագիծն ընդունվել է միայն իշխող մեծամասնության կողմից: Նախագծի 4 համահեղինակներից երկուսը ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով անցած պտգամավորներ են: Ավելին, այս նախագիծը ստացել է զրո դեմ, զրո ձեռնպահ ձայներ, բոլորը կողմ են եղել:
Մյուս փաստարկը, թե այս փոփոխությունները պետք է նախորդեին սահմանադրական փոփոխություններին, դեռ դեկտեմբերին առիթ եմ ունեցել անձամբ ՀՀ նախագահին ասել, որ իրենց բոլոր մտահոգությունները պատրաստ ենք լսել եւ քննարկել: Մինչեւ այս պահը ստացել ենք զրո մտահոգություն:
Դիտարկումը, թե այս փոփոխությունները վտանգավոր են, քանի որ կուսակցական համակարգը կայացած չէ, եւ խորհրդարանական երկրի հետ կապված ռիսկեր է տեսնում նախագահը, ինձ մոտ զարմանք է առաջացնում, որովհետեւ ընդամենը երեք տարի առաջ, երբ նա ընդունում ր նախագահ դառնալու առաջարկը, հետո իր ենդմնակալության ժամանակ իր խոսքի մի մեծ հատվածը նվիրել էր նրան, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը խորհրդարանական կռավարման համակարգ ընտրելիս, ես չեմ հիշում, որ որեւէ մտահոգություն արտահայտած լինի խորհրդարանական համակարգի անցնելու հետ կապված»,-ասաց պատգամավորը:











