«Սասնա ծռեր» կուսակցության անվան տակ հանդես եկող առաջնորդները թե քաղաքականության մեջ, թե մարդկային հարաբերություններում հեռու են բարոյականությունից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանը։

«Ոչ մի կապ չունեմ «Սասնա ծռեր» կուսակցության կամ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» խմբավորման հետ։ Սխալ է նույնականացնելը։ Ես չեմ կարող ինձ նույնականացնել անբարոյականության և անբարոյականների հետ։ Ամեն ինչի սկիզբը բարոյականությունն է։ Ես մասնակցել եմ 2008 թվականի Մարտի 1-ին, հետո ծանոթացել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ և այդ թվականից ամբողջությամբ և անշահախնդիր նվիրվել եմ Հայաստանը կեղեքող և ծախված իշխանությունից ազատելու գաղափարին։ Նույն համոզմունքով մասնակցել եմ ՊՊԾ գնդի գրավմանը։ Չեմ ուզում բոլոր փակագծերը բացել, բայց դեռ այդ օրերին և գործողությունն ավարտելու առնչությամբ ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել գործողությունը վարելու և փոփոխվող պահանջների կապակցությամբ»,- նշեց նա։

Արմեն Բիլյանի կարծիքով՝ 2018 թվականին հիմնադրված «Սասնա ծռեր» կուսակցությունը և համանուն խմբավորումն իրարից խստորեն տարբերվում են, և պետք չէ նրանց նույնականացնել։

««Սասնա Ծռերը» խմբավորումն ուրիշ առաքելություն էր․ նրանք արդարության մարտիկներ էին՝ անկախ նրանից, որ տեղում ոմանք շեղվեցին և թույլ տղամարդ գտնվեցին։ Ես տեղյակ չեմ եղել, որ իրենք կուսակցություն են բացելու, շատերի համաձայնությունը չի էլ եղել, տղաներից շատերն էլ իրենց հետ չեն։ Այսպես կոչված կուսակցության ստեղծումից հետո նրա առաջնորդների դիրքորոշումները շեղված են այն սկզբունքներից, որոնք կային մինչև 2016 թվականը»,- ասաց Արմեն Բիլյանը։

Արմեն Բիլյանի խոսքով՝ իր ազատազրկման ընթացքում կուսակցության անդամները որևէ օգնություն չեն ցուցաբերել իր ընտանիքի անդամներին։

«Մարդկային, ընկերական հարաբերություններում ևս այդ մարդիկ դրսևորել են իրենց որպես անբարոյական։ Նրանք համարձակվել են ինձ և հարազատներիս համարել ծախված, կոպտել են մենակ մնացած մորս և հիվանդ քորջս։ Նորմալ բան է, երբ բանտում գտնվող ընկերոջդ ընտանիքին աջակցում ես, առավել ևս՝ իմ նման ընկերոջը, որի հետ ճանապարհ ես անցել, հաց ես կիսել։ Ինձ համար շատ խորթ էր, որ այդ տեսակ անտարբերության մատնվեցի, թե ինչի համար՝ չգիտեմ․ իրենք երևի վախենում են»,- նշեց Բիլյանը։

Արմեն Բիլյանն ընդգծեց, որ մինչև օրս չի հանդիպել «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդների հետ։

«Ես տեսա, թե ինչպես դեֆորմացվեցին նրանք, ինչպես էժանացրին իրենց հոգիները։ Այդ մարդիկ իրենց բարոյականության հետ վերջնահաշվարկ արած մարդիկ են, հատկապես Վարուժան Ավետիսյանը՝ անհաջող ինքնասպանը, այդ մասին հետո կբացեմ փակագծերը։  Նրանց հետ չեմ հանդիպել, ցանկություն էլ չունեմ հանդիպելու։ Թող ունենային համարձակություն և բարոյականություն, զանգ տային ու ասեին՝ ուզում ենք հանդիպել։ Դժվար էլ հանդիպեմ Ժիրայր Սորոսովիչին։ Այնտեղ կան նաև շատ ազնիվ մարդիկ, որոնց հարգում ու սիրում եմ։ Իրենց վերնախավն է շեղված։ Ես մերժում եմ «Սասնա ծռեր» կուսակցությանը՝ մնալով խմբակցության անդամ»,- ավելացրեց Արմեն Բիլյանը։

Հիշեցնենք, որ 2021թ. փետրվարի 24–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ ՊՊԾ գնդի գրավման գործով։ Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, բայց  մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց  4 տարի 11 ամիսը: