Ապրիլի 14-ին Էրեբունու թանգարանի մոտ դանակահարություն էր եղել։ Իրար անծանոթ երկու երիտասարդ վեճի էին բռնվել, որն ավարտվել էր դանակահարությամբ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Կեսգիշերին մոտ հեթապահ քույրն ահազանգել էր, թե աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով 22-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել։ Ըստ հարազատների հայտարարության՝ նրան դանակահարել էին։

Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Իրականացված հարցումների արդյունքում իրավապահները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Գուրգեն Մահարու փողոցի անչափահաս մի բնակիչ։ Հաղորդումից մոտ երկու ժամ անց նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ խոստովանական ցուցմունք տվեց:

Դանակը հայտնաբերվել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարուցվել է քրեական գործ։