Դժվար է ասել, թե այս պահին Հայաստանը կորոնավիրուսի որ փուլում է գտնվում, քանի որ ոչ մի նպատակային հետազոտություն չի կատարվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե համավարակի մեկ տարին լրանալուց հետո ի՞նչ պատկեր ունենք։
Խոսելով պատվաստանյութերի մասին, բժիշկը փաստեց, որ այս հարցում էականը դրա հանդեպ հասարակության վստահությունն է, որովհետեւ լավագույն դեղին անգամ չվստահելով ու չպատվաստվելով արդյունքի չենք հասնի։
«Իրականում մենք չգիտենք, թե ով է որոշում կայացնողը։ Ունենք նախարար, որը բժիշկ չէ, բայց հայտարարում է, թե այս վակցինայով պետք է պատվաստվել։ Չունենք գիտնականների խորհուրդ, որոնք հարգված են ու որոնք իրենց հեղինակությունը կդնեն այդ կշեռքին ու կասեն, որ սա՛ է նվազագույն վնասներով պատվաստանյութը»,- ասաց նա՝ հավելելով, որ նման հանձնաժողով չի կազմվել, ոչ մեկը չգիտի, թե ինչպես են որոշումները կայացվել ու հենց այստեղ է թաքնված ականը։
Արձանագրելով, որ վարակի բոլոր փուլերը Հայաստանը ձախողել է, բժիշկն ընդգծեց․ «Այս նախարարը նախորդ նախարարի տրամաբանական շարունակությունն է, նույն գիծն է տանում։ Որ մասնագետը կարծիք է հայտնել, ինչը հակասել է նախարարության կարծիքին, նրան ճնշումների են ենթարկել, մինչև անգամ աշխատանքից հեռացրել։ Մասնագետներն իրականում անտեսված են»։
Ինչ վերաբերվում է վիրուսի երրորդ ալիքին, որի ընթացքում մահացության ցուցանիշները բավական բարձր են, իսկ ընթացքն էլ, ըստ մասնագետների, ավելի ագրեսիվ, համաճարակաբանը նախ փաստում է, որ պաշտոնական թվերի մեջ կա որոշակի մանիպուլյացիա։ «Մենք այսօր չգիտենք, թե մեր հետազոտման ռազմավարությունը որն է։ Այսօր շուրջ 5000 հոգի ենք հետազոտում, ավելի շատ, քան երբևէ։ Բայց 5000-ը սկսել է այն պահից, երբ չվերթները բացվեցին։ Քանի՞ տոկոսն է այդ 5000-ից բաժին հասնում «Զվարթնոց» օդանավակայանում արված թեստերին, որոնց մեջ քիչ տոկոս են կազմում հայտնաբերված դեպքերը»։
Ըստ բժիշկը, համավարակի այս ընթացքում քաղաքացու վրա մեծ բեռ է եղել, որովհետև նրանց գերակշռող հատվածը հետազոտվել, թոքաբորբի, վիրուսի դեպքում բուժվել է սեփական ֆինանսներով, ծանոթ բժիշկների խորհուրդներով։











