Կառավարության շենքի մոտ այս պահին մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք պահանջում են վարչապետի ժամանակվոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հրապարակել նախօրեին հայտնի դարձած սկանդալային փաստաթուղթը:
Նշենք, որ այսօր Կառավարության հերթական նիստին Փաշինյանը չհերքեց այդ փաստաթղթի առկայությունը, ավելին` հայտարարեց, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը, որը նա հայանպաստ անվանեց:
Կառավարության շենքի մոտ քաղաքացիներ հոսքը չի դադարում, այստեղ են հավաքվում տարբեր կուսակցությունների հայացքների տեր անձինք: Նշենք, որ այստեղ 19:00-ին հավաք կանցկացնի նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքը:
Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաներ կան, որոնք մի քանի շարքով կանգնած են Կռավարության մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում և մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիևին դեռևս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիևը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։
Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի և կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձևակերպումներով։
Այսօր՝ մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։











