Չկա մի առիթ, մի հանդիպում կամ մի հնարավորություն, որտեղ գերիների հարցը չի քննարկվում, ես հուսով եմ, որ այդ հարցը լուծում կստանա: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցով ստեղծված եռակողմ հանձնաժողովի աշխատանքին, նա ասաց. «Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում, որովհետեւ իրոք այդ աշխատանքները արդյունավետ կլինեն եւ արդյունքներ կտան մի դեպքում, եթե ֆոնը ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Սահմաններին այս իրավիճակի պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք։ այդ հարթակում: Վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով: Տեսնենք՝ ինչ շարունակություն կլինի»: Գրիգորյանը հավելեց, որ աշխատանքներն ընդհատվել են մասնավորապես, այն բանից հետո, երբ Ադրբեւանի զինուժը ներխուժել է ՀՀ տարածք:

Մհեր Գրիգորյանը խոսեց նաեւ Ալիեւի կողմից հնչեցվող Զանգեզուրի միջանցքի մասին. «Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, եւ հնարավոր էլ չի քննարկել: Եթե միջանցք ասելով որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»,-ասաց նա: