Վերջին շաբաթներին տավուշյան սահմանամերձ գյուղերի հայկական պատկանելությունը հարցականի տակ դնող իշխանության ներկայացուցիչների հրապարակ նետած մտքերին տեղացիները չեն հավատում, չեն համակերպվում նման հեռանկարի հետ։ NEWS.am-ը շրջել է Տավուշի՝ Ազատամուտ, Կայան, Ոսկեպար բնակավայրերում եւ զրուցել բնակիչների հետ՝ պարզելու նրանց տրամադրությունները շրջանառվող լուրերի վերաբերյալ, համաձայն որի՝ Տավուշի մի քանի գյուղ հնարավոր է անցնի Ադրբեջանին։
Ազատամուտ գյուղից երեք շինություններ, որոնք ըստ ԽՍՀՄ վերջին քարտեզներից մեկի՝ համարվում են սահմանագիծ Հայաստանի եւ ադրբեջանական նախկին անկլավներից՝ Բարխուդարլուի միջեւ, հնարավոր է անցնեն Ադրբեջանին։ Տխրահռչակ GPS-ն է այդպես ցույց տալիս։
Այդ շինություններից 50 մետր այն կողմ ազատամուտցիների բնակարաններն են։ Տեղացիներից շատերն են լսել, որ հնարավոր է Ադրբեջանի տարածքում հայտնվեն այդ երեք կառույցները, բայց հակված չեն հավատալ այդ լուրերին։ Տիկին Լինան ասում է, որ բնակիչների ձեռքին ոչինչ չկա, որոշողն իրենք չեն։ Ազատամուտցի այս կնոջ ամուսինն ու երկու զավակները մահացել են, հիմա ուշքնումիտքը թոռն է, որն ուսանում է Երեւանում։
«Ես չգիտեմ՝ ինչ կլինի վիճակս, եթե ստեղը տան իրենց, ի՞նչ կանեմ թոռանս հարցը, իմ հույսը միայն ինքն է։ Չեմ ուզի, որ թոռս գա ստեղ մնա, բայց ես չեմ գնա ոչ մի տեղ»,– ասում է Լինա Սեփխանյանը։
Ազատամուտից մի քիչ հեռու Կայան հայկական բնակավայրն է, որը խորհրդային ժամանակների վարչական բաժանմամբ, համապատասխանում է ադրբեջանական Բարխուդարլու նախկին անկլավին։
Պահեստազորի ավագ ենթասպա Ժորա Մնացականյանը «Ադրբեջան/Բերդ» ցուցանակից այն կողմ գտնվող եւս երկու բնակելի տներից մեկի սեփականատերն է։ Նա բացառում է, որ իր բնակավայրը հանարավոր է անցնի Ադրբեջանին։
«Մեր նախկին քարտեզով նշված է, որ սրանք մեր հողերն են, իրենք ստեղ հող չունեն, ուղղակի իրենց պահանջն է, որ հետ գան, որովհետեւ իրենց այնտեղ լավ չեն վերաբերվում»,– ասում է Ժորա Մնացականյանը։
Իր տունն ու տեղը կորցնելու վախով է ապրում տիկին Սեդան, ասում է՝ ամբողջ կյանքս քոչվորի նման այստեղից այնտեղ եմ գնացել, հիմա՞ ուր գնամ։
«Աշխատանք չունենք, մի լավոսալ հողամաս ունենք, ծառ ու տունկ ենք գցել, մշակում ենք, որ դրանով շնչներս պահենք։ Հիմա ասուն են՝ պետք է տաք իրենց, նոր է ծառը ծառ դարձել, որ բերք ստանամ, ես չգիտեմ ճիշտ է, թե սխալ էդ լուրերը։ Սոված–ծարավ նստել ենք, երեխեքի բերանից կտրել ենք, տունուտեղ եմ դրել, հիմա թուրքին տամ ու գնա՞մ, որտե՞ղ գնամ»,– ասում է Սեդա Թամրազյանը։
Եթե շրջանառվող լուրերը իրականություն դառնան, եւ սահմանազատումն իրականացվի GPS-ի միջոցով, ապա ըստ «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Էդգար Էլբակյանի՝ այն ճանապարհահատվածը, որտեղ տեղադրված է «Ադրբեջան/Բերդ» ցուցանակը, կհայտնվի հակառակորդի վերահսկողության ներքո։ Այդ դեպքում Բերդի տարածաշրջան տանող ճանապարհն այլեւս մեզ ծառայել չի կարող։
«Եթե GPS-ային սահմանագծում լինի, ապա սահման պահելը անիմաստ է լինելու, այստեղ մեր աչքի առաջ քանդվելու է առաջնագիծը, այսինքն ինչ այնտեղ պահես, եթե այստեղ «Ադրբեջան» է եւ ստացվելու է, որ մեր բանակի վերջին մարտունակ մնացած կորպուսները վերացվելու են»,– ասում է Էլբակյանը։
Ոսկեպար եւ Վերին Ոսկեպար գյուղերում անվտանգությունից ելնելով լրագրողներին թույլ չտվեցին նկարահանել։ Տարածքը դիտարկվում էր թշնամու կողմից։
Եթե կատարվեն սահմանազատումեր GPS–ի տրամաբանությամբ, ապա թիրախում է հայտնվելու Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհը, որի 2,05 կիլոմետրանոց հատվածն անցնելու է Ադրբեջանին։
«Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ սա արդեն երկրորդ ճանապարհն է, առաջինը Գորիս–Կապանն էր, ապա ստացվում է, որ մենք ոչ թե ունենում ենք ճանապարհների ապաշրջափակում, այլ շրջափակում, իսկ այդ պարագայում Հայաստանը տնտեսական, քաղաքական, ռազմական առումով խիստ խոցելի է դառնում, որովհետեւ մենք զրկվում ենք այն հանգույցից, որը մեզ կապում է արտաքին աշխարհի հետ»,– ասում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Իշխանությունները պնդում են, որ առաջիկայում հնարավոր ստորագրվելիք եռակողմ փաստաթղթում որեւէ խոսք չկա գյուղերի մասին, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Հիշեցնենք, որ նրա քավոր-պատգամավորն էլ պնդել էր, որ այդ գյուղերը ադրբեջանական են, ապա հավելել, որ դրանք ավերակ են ու ամայի։
Մանրամասները՝ տեսանյութում։











