Այ պահին առողջությունս կարգավորվել է, լավ եմ, մարտունակ վիճակում եմ: Այս մասին Գորիսում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շուռնուխի գյուղապետի եղբայր Արարատ Աղաբեկյանը, որին ապրիլի 22-ին հիվանդ վիճակում ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել:
«Իրենք չկարողացան իմ վրա մեղադրանք հիմնավորել: Ես պատրաստվում եմ այն հիմքերը, որոնք ուղղել են ինձ ու բերման ենթարկել ապօրնի ձեւով, ես պետք է իմանամ, թե ումից է այդ հրամանը եկել, ով է ցուցմունք տվել, թե ես ներկա եմ եղել այդ գործողություններին:
Ինձ թվում է այդ հրամանը տվել է Նիկոլի աներձագը (ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյան - խմբ) կամ իր նման որեւէ մեկը, որ մեզ բերման ենթարկեն նվաստացնելով: Ինքը դեռ շատ կզղջա իրա յդ բառի համար: Ինքը չգիտի, թե ում հետ գործ ունի: Մենք իրենից ավելի շատ բան ենք արել այս պետության համար: Ինքը պետք է պատասխան տա: Կամ ինքն է արել, կամ իր նման մի այլ տհաս»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա ապրիլի 22-ին կարմիր բերետավորները առավոտյան ժամը 7։00-ին, տան մուտքի մոտից բերման էին ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին: Նրա տունը նույնպես անցել էր հակառակորդին, եւ նա սեփական ձեռքերով այրել էր իր տունը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ձեռքերը շղթայված Աղաբեկյանը հեւիհեւ խնդրում, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում. «Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»։ Նա նաեւ հայտնել էր, որ այսօր պիտի գնար կորոնավիրուսի թեստ հանձնելու։











