ԿԸՀ-ն արդեն հաստատել է ընտրությունների արդյունքները եւ նշել, որ փոքրիկ խախտումները էական նշանակություն չէին կարող ունենալ ընտրության արդյունքների վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեկ մլն-ից ավելի ընտրող մասնակցի ընտրություններին եւ որեւէ խախտում չլինի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե անգամ մեկ խախտում լինի, ինքն իր ձեռքը կկտրի, Հակոբ Ասլանյանն ասաց, որ պետք չէ ամեն բան բառացի հասկանալ: «Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե մեկ խախտում լինի, ես կկտրեմ իմ ձեռքը, պետական հայտարարությո՞ւն էր։ Ինչպես շատ երկրների ղեկավարներ, այնպես է Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարող է շատ սայթաքումներ անել, չի կարելի դա դրոշակ դարձնել:
Աշխարհում ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ շատ ու շատ երկրների ղեկավարներ կարող են իրենց խոսքում ինչ-որ սայթաքումներ ունենալ կամ րոպեական ինչ-որ բան ասել: Չի կարելի դա վերցնել դրոշակ դարձնել: Քաղաքական գործչին գնահատելիս պետք է նայել ժամանակի ու տարածության մեջ, ոչ թե վերցնել մի փոքրի հատված»,-ասաց պատգամավորը:











