Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին NEWS.am-ն հայտնում ե Կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ եւ նշել, որ ՊՊԾ-ն մեր երկրի կարեւոր ինստիտուտներից մեկն է: «Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետեւ ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է: Նաեւ վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կարեւորությունը ընդգծվեց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում եւ հատկապես վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կատարած աշխատանքի համար:
Պետության եւ պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարեւորագույն խնդիրներից է, որովհետեւ մեր իրականությունն ու ընկալումն այնպիսինն է, որ միայն Հայաստանի Հանրապետությունը, միայն պետականությունն է, որ կարող է ապահովել հայ ժողովրդի զարգացումը, անվտանգությունը եւ հարատեւությունը: Իհարկե, վերջին տարիներին մենք շատ լուրջ մարտահրավերների ենք առերեսվել, նաեւ այդ մարտահրավերները երբեմն թվացել են անհաղթահարելի, բայց ուզում եմ ընդգծել, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք բոլորովին այլ իրադրություն: Մեր երկրի պատմության մեջ բոլորովին նոր փուլ է բացվել եւ աղետաբեր պատերազմից, բախումների ճգնաժամերից հետո ի վերջո կարող ենք խոսել ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը փշուր-փշուր վերականգնելու մասին: Այս իրադրության ստեղծման գործում Պետական պահպանության ծառայության դերը հնարավոր չէ գերագնահատել եւ դա, կարծում եմ, տեսանելի է բոլորին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս ընթացքում տեսանք, թե ինչ խնդիրներ եւ բացեր կան Պետական պահպանության ծառայության աշխատանքում եւ որտեղ ու ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: «Մի բան ակնհայտ է, որ Պետական պահպանության ծառայության հետագա ինստիտուցիոնալ զարգացումը մեր կարեւորագույն խնդիրներից մեկն է, որ մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պիտի լուծենք:
Այս պահին համոզված եմ մի բանում, որը շատ կարեւոր արձանագրում է. այսօր Պետական պահպանության ծառայության եւ նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Եվ մենք միասին պետք է մեր առաջ դրված խնդիրը լուծենք. այն է՝ ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել մեր երկրի անվտանգության ապահովման կարեւոր հենասյուներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իր, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, երկրի քաղաքական ղեկավարության կողմից ՊՊԾ ծառայությունը գնահատվում է բարձր: «Ցավոք, մենք ունեցել ենք անցանկալի դրսեւորումներ Պետական պահպանության ծառայության գործունեության ոլորտում: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ դրա առանցքային պատճառներից մեկն այն էր, որ Պետական պահպանության ծառայության անձնակազմի մեծ մասը նոյեմբերի դրությամբ գտնվում էր Հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում: Եվ սա շատ կարեւոր առանձնահատկություն է, որովհետեւ սա, նաեւ պիտի ընդգծեմ ցույց տալու համար, որ այն դժվար օրերին, պատերազմի օրերին հանրապետության քաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ այնքան սեփական կամ շենք-շինությունների անվտանգության ապահովումն էր, որքան Հայրենիքի տարածքային ամբողջականության ապահովումը: Եվ այդ մոտեցումն է եղել պատճառը, որ նոյեմբերի 9-ին ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլեւ գործնականում մեր իրավապահ համակարգի մեծ մասը գտնվել է սահմանին, առաջնագծում: Բայց, միեւնույն է, այնուամենյանիվ, ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ արձանագրել, որ մենք իրար հետ միասին, քայլ-քայլ, հետեւողական եւ վճռական գործողությունների շնորհիվ կարողացել ենք վերականգնել կայունությունը Հայաստանի Հանրապետությունում, ապահովել մեր երկրի ներքին անվտանգությունը եւ կենտրոնանալ մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման խնդիրների վրա: Եվ այս ուղղությամբ մենք, իհարկե, պետք է առավել ակտիվ եւ արդյունավետ դարձնենք մեր աշխատանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին ծառայության համար եւ մաղթել հաջողություններ: «Մաղթում եմ, որպեսզի մեր մարտահրավերները գնալով ոչ թե ահագնանան, այլ մեղմվեն: Բայց ամեն դեպքում մենք եւ առաջին հերթին՝ Պետական պահպանության ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պիտի պատրաստ լինեն կառավարել, կանխել ցանկացած մարտահրավեր, եւ դա առավել կարեւոր ընդգծում է, քան հետագայում այդ մարտահրավերների հետեւանքների դեմ պայքարելը: Շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում եմ արդյունավետ, ապահով եւ անվտանգ ծառայություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ շնորհավորել են նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը եւ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով եւ խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:











