Գործընթացը լավ ընթացքի մեջ է, և նրանք արդեն շատ մոտ են ՀՀ սահմանին և մոտ 2-3 օր հետո ծանրաձողերը կլինեն մեր մարզիկների մարզադահլիճներում: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Ամառային օլիմպիական խաղերին պատրաստվելու համար անհրաժեշտ ծանրաձողերի բացակայությանը:

Հարցին, թե ինչու էր որոշվել 20-ի փոխարեն 7 ծանրաձող բերել, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր 20-ը բերել, Դումանյանը պատասխանեց. «20 ծանրաձողեր են առաջարկվող նախագծով, այնպես չէ, որ հենց այդ յոթն էր առաջարկվում, ուղղակի դա փուլային՝ առաջին խմբաքանակի համար էր, հետագայում լրացնելու նպատակով, իսկ 20-ի փոխարեն 7 ծանրաձող գնելու պատճառն ակնհայտ էր՝ ֆինանսականն էր»:

Նշենք, որ նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստի ժամանակ բարկացավ, որ իր հանձնարարականն անտեսվել է:

«Դե վարչապետն ինձ չէր ասում, նա ընդհանուր իրավիճակն էր գնահատում: Անձնավորված բաներ չի ասվել: Եթե որեւէ գերատեսչության ղեկավար հարց է ներկայացնում, պետք չի ներկայացնել, որ դա անձնական մակարդակի հարց է: Ցանկացած հարց, որ կառավարության նիստում զեկուցվում է, իմացեք, որ այդ հարցը քննարկվել է տարբեր ստորաբաժանումներով»,-ասաց նա: