Հանրապետության 46 հասցեում 19-րդ դարում կառուցված հուշարձան-շենքի մի հատված հնարավոր է քանդվի. այս մասին ահազանգում են քաղաքացիները։

«Երկու-երեք օր առաջ լուրեր շրջանառվեցին, որ թույլտվություն է տրվել շենքը ապամոնտաժելու և միայն ֆասադը թողնելու կամ նույնիսկ ֆասադն էլ ապամոնտաժել, ապա հետ հավաքել։ Ես նույնիսկ հակված եմ այդ մտքին, որ ցանկանում են հետ հավաքել՝ մի քիչ տեղաշարժած։ Մենք ունենք ողբալի նախադեպեր ֆասադները պահպանելու պրակտիկայի։ Ֆասադների պահպանման հանցավոր մոտեցումը երեսուն տարի և ավել հանգեցրել է մեր պատմական շերտի աղճատմանը, և դա բացարձականապես անընդունելի է։ Հույս ունենք, որ պետք է լսենք հերքում քանդման աշխատանքերի և ոչ թե հաստատում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանը։

Լրագրողների հետ զրույցում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» ընկերության իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարի իրենք հաղորդում էին ներկայացրել, որ Ֆիրդուսի թաղամասում հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացում կան հարկային կոռուպցիոն ռիսկերի և պատմշակութային շենքերի քանդման վտանգ․ «Ենթադրաբար քրեկան գործ կհարուցվի դրա շրջանակում։ Այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը տեսել է բավական լուրջ խնդիրներ, միանշանակ է, որ այդ խնդիրները պետք է քննության առարկա դառնան»։

«Կապալառու» ընկերության ներկայացուցիչ Արման Մկրտչյանն ակցիայի մասնակիցներին վստահեցրեց, որ շենքն ամբողջությամբ մնալու է նույնը։

«Ամրակայվելու է այս շենքը, պնդանալու է և սրսկման աշխատանքներ են տեղի ունենալու։ Այժմ դեռևս ցանկապատման աշխատանքներ են ընթանում։ Մենք չենք կարող այս շենքի վրա որևէ բան ավելացնել։ Ես եկել եմ հուշարձանների վարչությունից, և այնտեղ քննարկում էինք սա։ Սա պատմամշակութային հուշարձան է, ցանկացած բան վնասողը քրեական պատասխանատվության կենթարկվի»,- նշեց նա։

Արման Մկրտչյանի խոսքով՝ վերականգնվելու է շենքի միայն ետևի մասը, որը կավային և պատմական հուշարձան չի համարվում։